15-ամյա երիտասարդը մեղադրվում է եղունգկտրիչի վրայի դանակով իր ծանոթին հարվածներ հասցրելու մեջ: Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանից  NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ: 

Գործի նյութերի համաձայն՝ 15-ամյա Արմեն Գ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա  Երեւան Նոր Արեշ թաղամասում, հուշաղբյուրի մոտ, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է Իշխան Գ.-ի հետ, որի ընթացքում իր մոտ առկա եղունգկտրիչի վրայի դանակով հարվածներ է հասցրել վերջինիս կրծքավանդակին ու նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել ծանր վնաս:

Քրեական գործ է հարուցվել  112  հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 3-7 տարի ժամկետով:

Խափանման միջոց ընտրվել է հսկողության հանձնելը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: