29-ամյա Մանվել Հ.-ն մեղադրվում է եղբոր եւ ընկերների հետ «Օղակաձեւ» զբոսայգու «Արբատ» սրճարանում ծեծկռտուք սարքելու մեջ: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 29-ամյա Մանվել Հ.-ն, եղբոր՝ Հրանտ Հ.-ի եւ ընկերների՝ Խոսրով Ա.-ի եւ Սեւակ Գ.-ի հետ գտնվելով Երեւան քաղաքի «Օղակաձեւ» զբոսայգու 6-րդ հատվածում գործող «Արբատ» սրճարանում, ալկոհոլ օգտագործած վիճակում վիճաբանել է նույն սրճարանում գտնվող Կարեն եւ Արման Մ,-երի ու Հովհաննես Ղ.-ի հետ, որի ընթացքում աղմկել է եւ հայհոյել, բռնություն գործադրել՝ ձեռքերով ծեծի է ենթարկել վերջիններիս, իր այդ դիտավորյալ գործողություններով շուրջ 10 րոպե տեւողությամբ խաթարել է սրճարանի բնականոն գործունեությունը, խանգարել գիշերային անդորրն ու ներկաների հանգիստը:
Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեկան օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-500-պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով:
Խափանման միջոց է ընտվել կալանավորումը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:




























