«Հայկական վերածնունդ. Փարիզ» շարժումը դիմել է հայկական ծագմամբ աշխարհահռչակ ֆրանսիացի շանսոնյե, Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրին՝ կոչ անելով օգնելու Հայաստանում ավտովթարի մասնակից դարձած դերասան Վարդան Պետրոսյանին, ով շարունակում է կալանավորված մնալ: Այդ մասին գրում է «Nouvelles d'Arménie»-ն:

«Շատերն արդարություն են պահանջում դերասան Վարդան Պետրոսյանի հանդեպ: Դուք արդեն արտահայտվել եք նրա օգտին, եւ շնորհակալ ենք ձեզ դրա համար: Այնուամենայնիվ, առ այսօր Վարդանը շարունակում է մնալ անազատության մեջ, այն ժամանակ, հիշեցնենք, երբ ոչ մի ապացույց չի կարող արդարացնել այդ կալանքը: Նա շարունակում է անարդարացիորեն բանտարկված մնալ, երբ առողջությունն է վտանգված: Նրա ընտանիքը, ընկերները եւ բազմաթիվ մարդիկ, ովքեր արդարություն են սիրում, չեն հանձնվում, շարունակում են պայքարել, քանի որ Վարդանն արդարության եւ մարդկայնության իրավունք ունի:

Հարգելի Շառլ Ազնավուր, մենք Ձեզ ենք դիմում, քանի որ գիտենք, թե որքան կարեւոր է ձեր ձայնը. դա, անկասկած, ձայն է՝ դուրս եկած հայ ժողովրդից, որն ամենակարեւորն է աշխարհում: Ուստի մենք խնդրում ենք Ձեզ կրկին միջամտել հօգուտ նրա, ով այժմ տառապում է եւ եռակի Ձեր եղբայրն է. եղբայր մարդկային տեսակետից, եղբայր, որպես հայ ու որպես արտիստ», - ասվում է շարժման հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ժամը Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW եւ «ՎԱԶ 2121» մակնիշների ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Վերաքննիչ դատարանը մերժել է խափանման միջոցը միջոցը փոխելու առաջարկը: