«Միացյալ Երիտասարդական Լիգայի» համանախագահ Սեւակ Հովհաննիսյանը դեկտեմբերի 14-ին Ազատության հրապարակում մոտեցավ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին, որը պատրաստվում էր դեպի նախագահի նստավայր Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեմ բողոքի երթին եւ հարցրեց՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են արդյոք տեղեկությունները, թե նա համագործակցում է մասոնական կազմակերպության հետ կամ անդամագրված է։
Պարույր Հայրիկյանը հարցին լուրջ չվերաբերվեց, ասաց, որ «աշխարհում շատ բամբասանքներ, թափթփուկներ կան, ու որ դրանց անդրադառնալն անգամ ծիծաղելի է»:
«Դուք գիտե՞ք որեւէ մեկին, որն իր կյանքի հիմնական մասը տվել է Հայաստանի անկախության գաղափարին եւ մասոն է, եթե գիտեք այդպիսի մեկին, այդպիսի մասոն, նոր այդպիսի հարց կարող եք տալ»,- ասաց նա։
«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն Պարույր Հայրիկյանը մասոն է։ Այդ մասին մեզ ասել է Հայկ Հակոբյան ներկայացած մի քաղաքացի, որը նույնպես մասոն է: Կարծում եմ՝ ինքը հիմքեր չուներ խաբելու: Բայց հիմքեր չներկայացրեց, որովհետեւ զբաղված էր: Ինքս էլ Պարույր Հայրիկյանի հանդեպ ոչ անձնական, ոչ մի տեսակի թշնամանք չունեմ»,- NEWS.am-թղթակցի հետ զրույցում ասաց Սեւակ Հովհաննիսյանը:
Պարույր Հայրիկյանը երթով շարժվեց դեպի նախագահական, որտեղ իր մոտ երեք տասնյակ համակիրների հետ «Մենք ենք այս երկրի տերը», «Ոչ Մաքսային միությանը», «Եվրոպական Հայաստան» վանկարումներով իրենց բողոքը հայտնեցին ՄՄ-ին միանալու ՀՀ նախագահի որոշման դեմ։
Երթի ամբողջ ընթացքում ԱԻՄ առաջնորդը շրջում էր «Գազելով» եւ բարձրախոսով քաղքացիներին իրազեկում էր իրենց նախաձեռնության մասին՝ կոչ անելով «ոչ» ասել ՄՄ-ին։
Միայն նախագահի նստավայրից մեկ կանգառ առաջ Պարույր Հայրիկյանը դուրս եկավ մեքենայից եւ երթը շարունակեց ոտքով։





























