Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենեում խորհրդարանական ընտրությունները վերստին անցկացնելու պահանջով զանգվածային ցույց է տեղի ունեցել:

Հանրահավաքը, որին մասնակցել է ավելի քան 5000 մարդ, կազմակերպել է Կամբոջայի ընդդիմադիր ազգային փրկության կուսակցությունը(ԿԱՓԿ), որը պահանջում է գործող կառավարությունը ճանաչել ոչ լեգիտիմ ու թագավորությունում վերստին խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Ակցիան ընթացել է առանց իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ բախումների:

Հիշեցնենք, որ Կամբոջայի Ազգային ասամբլեայի (խորհրդարանի ստորին պալատ) ընտրությունները կայացել են հուլիսին, պաշտոնական արդյունքները  հրապարակվել են սեպտեմբերին: Կամբոջայի Ժողովրդական կուսակցությունը, որի անդամ է հանդիսանում երկրի գործող վարչապետ Խուն Սենը, պատգամավորական հնարավոր 123 մանդատից նվաճել էր 68-ը: Դա թույլ է տվել ինքնուրույն կազմել նախարարների կաբինետ՝ առանց այլ քաղաքական ուժերի հետ կոալիցիա կազմելու:

Ընդդիմադիր ԿԱՓԿ-ը, որը խորհրդարանում ստացել էր 55 տեղ, իր անհամաձայնությունն է հայտնել ընտրությունների պաշտոնական արդյունքների առնչությամբ եւ իշխանություններին մեղադրել քվեարկության արդյունքները կեղծելու մեջ: Այդ պահից ի վեր ընդդիմադիրները բոյկոտում են խորհրդարանի աշխատանքն ու հայտարարում են Ազգային ասամբլեայի կողմից հաստատված նոր կառավարության ոչ լեգիտիմ լինելու մասին:

Ավելի վաղ Պնոմպենեում բողոքի ակցիաների ժամանակ իշխանության ու ցուցարարների բախումների հետեւանքով զոհվել էր երեք անձ, տասնյակները վիրավորվել էին: