Ռուսաստանը Եվրոպայի հետ սահմանին «Իսկանդերի» մի քանի համալիր է տեղադրել, որի հրթիռները միջուկային մարտագլխիկներ կարող են կրել: Այդ մասին գրում է գերմանական Bild թերթը՝ վկայակոչելով անանուն աղբյուրներին: Պարբերական տեղեկությունների համաձայն՝ արբանյակային լուսանկարների վրա գրանցվել են «երկնիշ թվով» հրթիռների համալիրներ, որոնք տեղակայված են Կալինինգրադում, ինչպես նաեւ Էստոնիայի, Լատվիայի եւ Լիտվայի հետ սահմանին:

Իսկանդեր համալիրները կարող են հագեցվել ինչպես սովորական հրթիռներով, այնպես էլ միջուկային մարտագլխիկներով ու կարող են թիրախի վրա հարվածել 500 կիլոմետրից ու այդ կերպ ընդգրկել Լեհաստանի ողջ տարածքը, ենթադրվում է, հասնել մինչեւ Բեռլին, որը գտնվում է 527 կմ հեռավորության վրա, գրում է թերթը:Թերթի տվյալներով՝ «Իսկանդերները» տեղակայվել են Կալինինգրադի մարզում վերջին 12 ամսվա ընթացքում: Թե ով եւ երբ է լուսանկարել դրանք, չի հաղորդվում:

Ինչպես նշում է Lenta.ru-ն, այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել, ինչպես նաեւ ռուսական իշխանությունների կողմից մեկնաբանություններ չեն ստացվել: