Բաքվում, այսօր` դեկտեմբերի 15-ին, Յասամալի շրջանում գտնվող «Մեհսուլ» մարզադաշտում բազմահազարանոց հանրահավաք է տեղի ունեցել` ընդդեմ վառելիքի ու սննդամթերքի թանկացման, հաղորդում է ադրբեջանական contact.az-ը: Հանրահավաքը կազմակերպել է Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը:
Ակցիան տեղի է ունեցել «Թող նվազեցվեն գները», «Ոչ թանկացմանը», «Ալիեւ, ձեռքդ հանիր իմ գրպանից» կարգախոսներով:
Հանրահավաքում ելույթ է ունեցել Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի ղեկավար, նախագահի նախկին թեկնածու Ջամիլ Հասանլին, ով, մասնավորապես, ասել է, որ գների բարձրացումից շահել է միայն իշխանությունը:
Իր հերթին, ժողովրդական ճակատի առաջնորդ Ալի Քերիմլին իր ելույթում նշել է, որ եթե ժողովուրդը չասի «վերջ իշխանությունների կողոպտիչ քաղաքականությանը», ապա նավթամթերքներից հետո կբարձրանան նաեւ գազի, էլեկտրականության եւ տրանսպորտի գները:
Նա ընդգծել է, որ գների աճը կոռուպցիայի եւ իշխանությունների վարած կողոպտիչ քաղաքականության հետեւանք է: «Մենք շատ լավ գիտենք, որ նավթն ու գազը մեկ ընտանիքի մենաշնորհն են: Ո՞վ է Անար Ալիեւը, որ ձեռքը դնի այդ ոլորտների վրա: Իհարկե, եթե դա արվեր առանց Իլհամ Ալիեւի գիտության, այդ օլիգարխները հիմա բանտերում կլինեին: Սակայն նրանք շատ հանգիստ են, որովհետեւ գիտեն, որ այդ ամենի գլխին կանգնած է հենց Իլհամ Ալիեւը»,-ասել է Քերիմլին:





























