2011թ-ին դեկտեմբերի 30-ի երեկոյան «Ջրծաղիկ» ախտորոշմամբ  մահացած ժամկետային զինծառայող  Հայկ Խաչատրյանի  գործով դատաքննությունը Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վերսկսելու է: Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայկ Խաչատրյանի փաստաբան Մուշեղ Շուշանյանը եւ ավելացրեց, որ որոշումը իրենց համար էլ էր անսպասելի: 

«Սպասում էինք, որ դատական ակտ է հրապարակվելու  հօգուտ մեղադրյալի: Բայց ամենայն հավանականությամբ չենք մասնակցի դատավարությանը, քանի որ նախորդ դատավարության ընթացքում էլ այդպես էլ մահվան իրական հանգամանքը չբացահայտվեցին եւ դատարանը թեեւ այդ հնարավորությունը ուներ, բայց ոչ մի ջանք չգործադրեց այն  հանգամանքները բացահայտելու եւ մեղավոր բոլոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար»,-հայտարարեց Շուշանյանը:

Նրա խոսքով՝ երկու շաբաթ առաջ իրենք բոյկոտել էին դատական նիստը եւ լքել դատարանի դահլիճը: «Լրացուցիչ փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո դատարանը որոշեց հրավիրել  փորձագետներից Նորք Ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Ասոյանին, ինչի հետ մենք համաձայն չէինք: Ավելին` մեր անհամաձայնությանը հայտնեցիք փորձաքննության եզրակացության շատ դրույթների հետ: Հայտարարությամբ հանդես եկանք ու լքեցինք դահլիճը եւ հայտարարեցինք, որ այլեւս չենք մասնակցելու»:

Հիշեցնենք, որ Հայկ Խաչատրյանը մահացել է 2011 թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում բուժանձնակազմի անփույթ վերաբերմունքի պատճառով ջրծաղիկ հիվանդությունից:

Մինաս Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, ՀՀ ՊՆ 14203 զորամասի նյարդաբանական բաժանմունքի պետ, կոչումով փոխգնդապետ, անփույթ վերաբերմունք դրսեւորելով ծառայության նկատմամբ, չի ապահովել անհրաժեշտ բժշկական միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս:

Իսկ Միքայել Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, ՀՀ ՊՆ 14203 զորամասի հրամանատար, Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, կոչումով գնդապետ, անփույթ վերաբերմունք դրսեւորելով ծառայության նկատմամբ, վարակի չտարածման ուղղությամբ չի կազմակերպել անհրաժեշտ կանխարգելման միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս: