«Մահմեդական եղբայրները» որոշում են ընդունել բոյկոտել Եգիպտոսի նոր սահմանադրության վերաբերյալ հանրաքվեն, որը նախատեսվում է անցկացնել հունվարի 14-15-ին: Այդ մասին հայտարարել է «Օրինականության պաշտպանության դաշինքը», որը ձգտում է հասնել նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի վերադարձին:
«Մենք մերժում ենք ամեն տեսակ քվեարկություն, որը կազմակերպվելու է զինվորական ռեժիմի պայմաններում»,- հայտնել է Համզա Ֆարաուին, ով ներկայացնում է հիմնականում «եղբայրներից» կազմված դաշինքը: Նա նաեւ հաղորդել է, որ իսլամիստները հանրաքվեի դեմ ուղղված քարոզարշավ են սկսում:
Դեկտեմբերի 14-ին Եգիպտոսի Արաբական Հանրապետության ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը հայտարարել է, որ հանրաքվեն կայանալու է հունվարի 14-15-ին: Նա նաեւ կոչ էր արել բոլոր եգիպտացիներին աջակցել երկրի թարմացված հիմնական օրենքին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Սահմանադրական հանրաքվեն գործնականում կդառնա «ճանապարհային քարտեզի» առաջին քայլը, որը մշակվել է բանակի կողմից հուլիսի 3-ին նախագահ Մուհամեդ Մուրսիին տապալումից հետո: Դրան պետք է հաջորդեն նախագահական ու խորհրդարանական ընտրությունները: Նախորդ Սահմանադրությունը, որն ընդունվել էր ուղիղ մեկ տարի առաջ, իսլամիստների կառավարման շրջանում եւ հասարակության շրջանում բազում վեճեր էր հարուցել, դադարել է գործել ամռանը:
Նոր Հիմնական օրենքը Մանսուրի հաստատմանն էր ներկայացվել դեկտեմբերի 3-ին 50 անձից բաղկացած հատուկ հանձնաժողովի կողմից, որն աշխատում էր այդ ուղղությամբ երկու ամիս: Թարմացված սահմանադրությունը բաղկացած է 247 հոդվածից: Նախագծում սահմանվել է խորհրդարանի ընտրության նոր սկզբունք, որը բաղկացած է լինելու մեկ պալատից, իսկ վերին պալատը՝ խորհրդատվական խորհուրդը(շուրա)՝ վերանալու է: Դրանում նախատեսվում է 450 տեղից բաղկացած օրենսդիր մարմին, որն այդուհետ փոխելու է իր անվանումն ու կոչվելու է ներկայացուցիչների պալատ: Պատգամավորներն ընտրվելու են հետեւյալ սկզբունքով՝ տեղերի առաջին երկու երրորդ հատվածը տրվելու է անկախ թեկնածուներին, մեկ երրորդ հատվածը՝ կուսակցականներին: Երկրի ղեկավարն ըստ ցանկության իրավունք ունի նշանակելու պատգամավորների 5 տոկոսին:





























