Թմրանյութ արտադրելու և իրացնելու մեղադրանքով 7-12 տարով ազատազրկված Աղվան Վարդանյանի, քիմիկոսներ Արմեն Լեփերջյանի և Աշոտ Առաքելյանի փաստաբանները դեկտեմբերի 16-ին լրագրողներին հետ հանդիպմանը հայտարարեցին, որ առաջին ատյանի դատարանը ապօրինի դատավճիռ է կայացրել՝ առանց բավարար հիմքերի: Դատարանը հիմք է ընդունել նախաքննության ժամանակ «Ամֆետամին» տեսակի թմրանյութ արտադրելու և իրացնելու վերաբերյալ մեղադրյալների տված ինքնախոստավանական ցուցմունքները, որոնք, ինչպես փաստաբաններն ասացին, բավարար հիմք չեն դատավճիռ կայացնելու համար:
«Հետագայում ես պարզեցի, թե ինչու է պաշտպանյալս այդպես վարվել: Նա պատճառաբանեց, որ ոստիկանության կողմից բռնության չենթարկվելու համար ինքնախոստովանական ցուցմունք է տվել այն հույսով, որ դատարանում ինքը կասի ճշմարտությունը, և դատարանը դա հաշվի կառնի»,-լրագրողներին ասաց «Քիմտեխ գիտահետազոտական ինստիտուտում» աշխատած և 10 տարի ազատազրկման դատապարտված Արմեն Լեփերջյանի փաստաբան Գագիկ Սարդարյանը:
Բացի այդ նա նշեց, որ դատաքննության ընթացքում պարզվել է՝ «Ամֆիտամին» տեսակի թմրանյութ ստանալու համար անհրաժեշտ են բարդ սարքավորումներ, որոնք այդ ընկերությունում չկան: Փաստաբանները փորձարարության միջնորդություն են ներկայացրել՝ պարզելու համար՝ հնարավո՞ր է արդյոք եղած նյութերով և սարքավորումներով ստանալ «Ամֆետամին», սակայն դատարանը միջնորդությունը հետաձգել է՝ ասելով, որ դրան կանդադառնա դատավճռի կայացման ժամանակ: «Դա օրենքի խախտում է, քանի որ Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ միջնորդությունները պետք է քննարկվեն մինչև դատավճիռը կայացնելը: Բացի այդ, փորձագետը չի նշել, որ ստացվել է «Ամֆետամին»: Ընդամենը նշել է, որ կան «Ամֆետամինի» բաղադրատարր պարունակող նյութեր»,- նշեց Գագիկ Սարդարյանը:
Նյութերը պարունակվել են ինստիտուտում հայտնաբերված դեղորայքի մեջ, որն էլ, ըստ մեղադրանքի, գործով մեկ այլ մեղադրյալ Աղվան Վարդանյանը հանձնել է ոմն Հաբեթնակ Պողոսյանի, որին տեսնել և նրա ցուցմունքը լսել փաստաբաններին այդպես էլ չի հաջողվել:
Գործով 10 տարվա ազատազրկման դատապարտված մեկ այլ քիմիկոսի՝ Աշոտ Առաքելյանի փաստաբան Գագիկ Պապայանն ասաց, որ փորձաքննության ժամանակ հայտնաբերված նյութերը, որոնք «Ամֆիտամինի» արտադրության հումք են հանդիսացել, 20 տարվա հնության են եղել:
Քիմիկոսին դատապարտել են նաև 150 հազար հատ «Կապտագոն» տեսակի հոգեմետ դեղ արտադրելու դրվագով, ինչը, ըստ Գագիկ Պապայանի, արդարացի չէ. «Քրեական օրենսգիրքն ունի հավելված, որտեղ սահմանված են այն թմրանյութերն ու հոգեմետ դեղերը, որոնց համար քրեական պատասխանատվություն է սահմանվում, դրանց մեջ «Կապտագոն» տեսակի հոգեմետ դեղ կամ թմրանյութ ներառված չէ: Ստացվում է՝ մարդիկ դատապարտվել են մի բանի համար, որը քրեորեն հետապնդելի չէ»:
Այսպիսով՝ գործով դատապարտված Աշոտ Առաքելյանն ու Արմեն Լեփերջյանն իրենց մեղավոր են ճանաչում միայն մի հոդվածով, այն է՝ քացախաթթվի ապօրինի հանձնելը Աղվան Վարդանյանին, որի համար տուգանք կամ առավելագույնը երեք ամիս ազատազրկում է սահմանված:
Այժմ գործով 9 ազատազրկվածներ կան, որոնք տարիքով 50-ն անց են: Իսկ Աշոտ Առաքելյանը առողջական խնդիրներ ունի և այժմ կայուն-ծանր վիճակում է։ «Նա տառապում է մի շարք հիվանդություններով, որոնցից չորսն ընդգրկված են 2006թ. Կառավարության մայիսի 26-ի որոշմամբ հաստատված հիվանդությունների այն ցանկի մեջ, որոնք խոչընդոտ են հանդիսանում ազատազրկման ձևով պատիժը կրելուն»,- ասաց փաստաբանը։
Գործն այժմ Վերաքննիչ դատարանում է։ Հերթական նիստը նշանակված է դեկտեմբերի 16-ին։





























