Մխչյան գյուղի բնակիչˋ Լյովա Սաֆարյանը, ներկայանալով որպես ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գործընկեր, խաբել է 20-ի ավելի ազգությամբ եզդի անասնապահների. պարտքով կաթ է գնել եւ գումարը չի վերադարձրել ՝հասցնելով 2 միլիոն դրամի վնաս: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լյովա Սաֆարյանի գործողություններից տուժած, Ջրաշեն գյուղի եզդի անասնապահներից մեկը՝ Ռոստամ Իբոյանը:
«Երկու տարի առաջ մեզանից Սաֆարյանը երկու ամիս շարունակ պարտքով կաթ ա առել Մրգաշատ, Նորաշեն, Վերին Արտաշատ գյուղերից: Ասեց՝ Հովիկի ցեխն ա, ինքն ա հովանավորում, իրա հետ իրանք մոտ են: Մենք Սաֆարյան Լյովային չէինք տա կաթ, ուղղակի որ Հովիկ Աբրահամյանը մեջ ընգավ դրա համար տվեցինք»,- ասաց Ռոստամը:
Ռոստամի խոսքով՝ Լյովա Սաֆարյանը միայն իրեն 205 հազար դրամ է պարտք, սակայն հրաժարվում է վերադարձնել. «Ես տաս օր եմ տվել իրան կաթ, մոտավորապես 150-200 լիտր: Հիմա զանգում եմ, խաբում ա, էսօր-էգուց ա անում, նոր էլ զանգել էի Լյովայի տղուն, ինձ հայհոյեց, վախացրեց»:
NEWS.am-ը զրուցեց Լյովա Սաֆարյանի հետ, որը հերքեց այդ տեղեկությունը՝ վստահեցնելով, որ ինքը կաթ չի մթերել, ուղղակի դա իր «օբյեկտն» է, որը տվել է իր ընկեր Համլետին, որ կաթ մթերի: «Էդ կաթը մթերվել ա, բայց իմ հետ չի կապված: Եզդիներից կաթը վերցրել ա Համլետը, ես կապ չունեմ: Ես էդտեղ մտել դուրս եմ եկել, բայց էդ հարցում, փողային մասի հետ կապ չունեմ»,- ասաց Լյովա Սաֆարյանը, որը ներկայացավ որպես «ընկերական դատարանի աշխատող»:
Նա պատմեց, որ իր ընկեր Համլետը ծրագրել էր խտացրած կաթի գործարան բացել, բայց չի հաջողվել: Այժմ էլ Ռուսաստանում է, մի քանի օրից կվերադառնա եւ կլուծի բոլոր խնդիրները. «Ինքը փախնող տղա չի, ես էլ իմ անունից ելնելով կօգնեմ, որ էս կաշ կալամաշն ավարտվի: Ես էլ ահագին թանկ անուն ունեմ»:
Իսկ մեր լրագրողի այն հարցին, թե ինքն ի՞նչ կապ ունի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, արդյո՞ք նա իր գործընկերն է, Լյովա Սաֆարյանը պատասխանեց. «Դե մի գյուղից ենք: Առաջներում շփվել ենք իրար հետ, հիմա չենք շփվում:Հիմա իրանք զբաղված մարդիկ են, իրանց հետ ո՞վ ա կարում շփվի, մենք տենց բան չենք ասել»:
Եզդիների «Սինջար» ազգային միավորման անդամ Բորիս Թամոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ պատահական չէ, որ բոլոր տուժողները եզդի համայնքի ներկայացուցիչներ են, եւ կարծում է՝ Լյովա Սաֆարյանը չի վճարի տուժողներին, քանի որ նրանք եզդի են: «Իր կարճ տրամաբանությամբ սա եզդիների երկիրը չէ, եւ ինքը կարող է տիրոջ իրավունքով անել այն, ինչ ցանկանում է: Սա առաջին դեպքը չի, որ այդ կերպ են վարվում եզդի համայնքի ներկայացուցիչների հետ: Այդ անձը մի քանի անգամ ասել է՝ դուրներդ չի գալիս, գնացեք մեր երկրից»,- ասաց Բորիս Թամոյանը:
Թամոյանը նաեւ տեղեկացրեց, որ պատրաստվում են զեկույց պատրաստել, որտեղ կներկայացնեն վերջին երկու տարիներին եզդիների նկատմամբ կատարված ոտնձգությունները:





























