Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Վրաստանի մայրաքաղաք կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետ Գեորգի Ուգուլավայի հետ:

Ողջունելով Երեւանի քաղաքապետին եւ շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար՝ Գեորգի Ուգուլավան ընդգծել է, որ հայ-վրացական դարավոր բարեկամությունը պարարտ հող է երկու մայրաքաղաքների համագործակցության առավել սերտացման ու ընդլայնման համար, եւ նկատել, որ Երեւանի քաղաքապետի այցը եւս մեկ խթան կհանդիսանա երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազում ծրագրեր կյանքի կոչելու համար:

«Այսօր իսկապես կա մեծ ներուժ Երեւանի եւ Թբիլիսիի միջեւ փոխգործակցությունն առավել ընդլայնելու համար: Երեւանը վստահելի գործընկեր է մեզ համար, եւ վստահ եմ, որ Ձեր այս այցից հետո համագործակցության շրջանակներն էլ ավելի կընդլայնվեն, ու երկու մայրաքաղաքների միջեւ գործակցությունն առավել առարկայական կդառնա»,- նշել է Գեորգի Ուգուլավան:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ համագործակցության պատրաստակամության համար, Երեւանի քաղաքապետն իր հերթին կարեւորել է երկկողմ կապերի զարգացումն ու ընդլայնումը՝ ի մասնավորի ընդգծելով քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում փորձի փոխանակումն ու փոխշահավետ ծրագրերի իրականացումը: Անդրադառնալով երկու քաղաքների միջեւ փոխշահավետ համագործակցության հաստատմանն ու գործնական հարաբերությունների զարգացմանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւս նկատել է, որ երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ առկա բարեկամությունն իսկապես կարեւոր խթան է Երեւանի եւ Թբիլիսիի բարեկամական ու գործնական հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու եւ զարգացնելու համար:

«Հաշվի առնելով մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը՝ մենք պարտավոր ենք երկու քաղաքների միջեւ էլ ավելի սերտացնել ու զարգացնել հարաբերություններն ու գործնական ընթացք տալ փոխգործակցությանը: Երեւանի քաղաքապետարանը բաց եւ պատրաստակամ է փոխշահավետ համագործակցության համար, եւ համոզված եմ, որ առաջիկայում մեր երկուստեք հարաբերությունները կդրվեն նոր հիմքի վրա», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Կողմերը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ, որը համակողմանիորեն կքննարկի ու կնախապատրաստի երկու մայրաքաղաքների միջեւ փոխգործակցության ընդլայնմանն ուղղված նոր ծրագրերի շրջանակը, ինչպես նաեւ կմշակի երկու քաղաքների համագործակցության նոր համաձայնագիր: