Դեկտեմբերի 17-ին Վերաքննիչ քրեական դատարանում «Ամֆետամին» տեսակի թմրանյութ արտադրելու և իրացնելու մեղադրանքով ազատազրկված «Քիմտեխ գիտահետազոտական ինստիտուտի» նախկին աշխատակիցների գործով հերթական դատական նիստի ժամանակ փաստաբանները ներկայացրին իրենց միջնորդությունները, իսկ մեղադրյալները հայտարարեցին, որ իրենց «գլխին կեղտոտ ձևով սարքել են»:

Գիտահետազոտական ինստիտուտի նախկին աշխատակիցները թմրանյութ արտադրելու և իրացնելու մեղադրանքով դատապարտվել են 7-12 տարվա ազատազրկման եւ այժմ բողոքարկում են  առաջին ատյանի դատարանի վճիռները Վերաքննիչ դատարանում։

Դատավորը հրապարակեց մեղադրյալ Հակոբ Համբարձումյանի ամբուլատոր փորձաքննության եզրակացությունը, ըստ որի, Հակոբ Համբարձումյանը տառապում է «անձի օրգանական տիպի խանգարումով՝ ինքնասպանության հակումով, սահմանափակ մեղսունակ է և կարող է ներկա գտնվել դատական նիստերին»: Այս առթիվ փաստաբան Կարեն Քամալյանը միջնորդեց նշանակելու հավելյալ փորձաքննություն, որը դատարանը մերժեց:

«Հիվանդությունը 30 տարվա վաղեմություն ունի, միայն ինքնասպանության դրսևորումով է: Անհրաժեշտ է, որ դատահոգեբուժական համալիր ստացիոնար փորձաքննություն անցկացվի: Հնարավոր չէ երկու ժամում պարզել հիվանդության այս պահի ընթացքը: Հոգեբանի միջամտություն էլ է անհրաժեշտ, որ զրուցի և հոգեբույժների հետ համատեղ որոշում կայացնեն», - նիստին ասաց Կարեն Քամալյանը:

Քամալյանը միջնորդություն ներկայացրեց միջգերատեսչական հանձնաժողովային փորձաքննության՝ պարզելու՝ արդյոք իր մյուս պաշտպանյալ Արա Ռոստոմյանն ի վիճակի է կրելու պատիժը, թե ոչ: Նման մեկ այլ միջնորդություն ներկայացրեց Աշոտ Առաքելյանի փաստաբան Գագիկ Պապոյանը: Վերջինը ներկայացրեց եւս մեկ միջնորդություն՝ Աշոտ Առաքելյանի խափանման միջոց կալանքը փոխելու և այլընտրանքային խափանման միջոց կիրառելու վերաբերյալ՝ նշելով, որ ամբաստանյալը 10-ից ավելի հիվանդություն ունի, որոնցից չորսը խոչընդոտում են ազատազրկման ձևով պատիժը կրելուն:

Դատական նիստի ժամանակ ելույթ ունեցան նաև ամբաստանյալները: Քիմիկոս Սամվել Մկրտումյանը նշեց, որ «Քիմտեխ գիտահետազոտական ինստիտուտում» չկան նման սարքավորումներ, որոնցով հնարավոր կլիներ «Ամֆիտամին» տեսակի թմրանյութ ստանալ:

Մինչ դատավորները խորհրդակացական սենյակում քննարկում էին միջնորդությունները, գործով մեղադրյալ, ընկերության տնօրեն Սամվել Խաչատրյանը ասաց, որ ոստիկանները էլեկտրաշոկ են օգտագործել մեղադրյալ Արմեն Բաղդասարյանի նկատմամբ ու խոշտանգումների ենթարկել նրան. «Պոդլի, կեղտոտ ձևի սարքել են մարդկանց գլխին: Մարդկանց էլեկտրաշոկերով ծեծել են, խայտառակ ձևի: Երեխեքին դրել ծեծել են դիմացները: Մեր երկրի նախագահն էդքան ասում ա՝ մի արեք, մարդկանց գլխին մի սարքեք, կեղտոտ բաներ մի արեք, սրանք ավելի շատ են անում: Եթե ես իմ երկրի համար մի պոդլի բան եմ արել, թող ինձ տանեն հրապարակում կախեն»:

Արմեն Բաղդասարյանը լրագրողներին պատմեց, որ իր նկատմամբ էլեկտրաշոկ կիրառելիս ստիպել են ասել, որ ինքը և մյուսները մեղավոր են: Դատական նիստին կրկնակի դատաքիմիական փորձաքննություն նշանակելու միջնորդություն ևս ներկայացվեց, քանի որ միայն երկրորդ փորձաքննության ժամանակ են գտել «Ամֆիտամին» պարունակող դեղահաբերը: Դատարանը որոշեց նշված միջնորդություններին անդրադառնալ հաջորդ դատական նիստին: