Հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, թե քրեական գործն ըստ մեղադրանքի Արգիշտի Կիվիրյանի` ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ ՔՕ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին` մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ գործը դատարան ուղարկելու համար:

Հիշեցնենք, որ 2013թ. օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած միջադեպից հետո  Արգիշտի Կիվիրյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու,  եւ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ սուտ մատնություն հատկանիշներով: Ընդ որում, ինչպես NEWS.am-֊ին հայտնել էր Կիվիրյանը, նրա դեմ աբսուրդային մեղադրանք էր առաջադրվել, թե իբր ոստիկանական մեքենայում ինքն է իրեն վնասել: Մինչեւ տարածված տեսանյութերում էլ հստակ երեւում է, որ ոստիկաններն են դաժան ծեծի ենթարկել Կիվիրյանին բերման ենթարկելիս, իսկ հետո գործ են սարքել նրա դեմ: