Այնթապի նախկին գյուղապետ Լյովա Թարվերդյանը խաղամոլ է եղել, և կինը՝ Արմինեն, ամուսնու դարդից է կախվել: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեցին Այնթապի գյուղացիները:
«Սաղ գյուղը ծախեց, կերավ, էդ դարդին ո՞վ լիներ, որ դիմանար»,-ասաց նա: Գյուղացիները նաեւ պատմեցին, որ նախկին գյուղապետը խաղամոլ է եղել, մեծ գումարներ է պարտվել խաղատներում եւ պարտքեր կուտակել։ Նախկին գյուղապետը ընտանիքը պահելու համար հիմա բենզատար մեքենա է վարում:
Նախկին գյուղապետի հարևաններից Մարգարիտ Մուրադյանն էլ ասաց, որ Արմինեն դեռ նոր հարս եկած ժամանակ թեթև հոգեկան շեղումներ է ունեցել. «Վերջերս այդ խանգարումը մոտը շատ արտահայտված էր, ասում էր՝ ես իմ կյանքին վերջ կտամ, մենք էլ ասում էինք՝ ոչինչ, բոլորն էլ դժվարություններ են ունենում»:
Գյուղում բոլորը Արմինեին ճանաչում էին որպես համեստ կին: Դպրոցն ավարտելուց հետո ամուսնացել է, երբեք չի աշխատել: Արմինեի սկեսուրը շատ հոգատար է եղել հարսի հանդեպ, խնամել է նրան, տնից գրեթե չի բացակայել հարսի պատճառով. «Էսօր Անժիկը մի կես ժամով քրոջ տուն է գնացել, էն էլ այդ դեպքը պատահեց»: Նրա խոսքով՝ Արմինեն աշնանը մոտ մեկ ամիս հոգեբուժարանում է եղել, բուժվել է եւ եկել տուն:
Արմինեն ունի երկու երեխա՝ աղջիկ և տղա, երկուսն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ: Այնթապի դպրոցի ուսուցչուհիներից մեկն էլ ասաց, որ Արմինեն չափազանց ուշադիր ծնող էր։
Դեկտեմբերի 17-ին, ժամը 11:30-ի սահմաններում Արմինեին երկրորդ հարկի ճաղավանդակներից կախված գտել է տեգրոջ տղան՝ Ժորան:





























