Հոլանդացի մարմնավաճառները, ինչպես բոլոր մյուս օրինապաշտ աշխատավորները, պետությունից արժանապատիվ կենսաթոշակ են պահանջում, որն այդպես էլ իրենց չի հատկացվում: Նրանք իշխանություններից պահանջում են նույն արտոնությունները, որոնք ունեն ֆուտբոլիստները: Սիրո քրմուհիները համարում են, որ իրենց եւ մարզիկների միջեւ շատ ընդհանուր բան կա, հաղորդում է Dutch News-ը:
Նիդերլանդներում մարմնավաճառությունը օրինականացվել է 2002-ին եւ մինչ օրս սեքս-ինդուստրիայի «աշխատակցուհիները» պետական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեն եւ պարտավոր են հարկեր վճարել: Գիշերային թիթեռնիկների մեծ մասը աշխատանքային պայմանագրեր են կնքում գործատուների հետ, սակայն վերջերս կանանց մի խումբ դիմել է Ամստերդամի դատարան՝ պահանջելով իրենց իրավունքները հավասարեցնել ֆուտբոլիստների իրավունքներին: Բանն այն է, որ մարզիկները կարող են ամսական իրենց կենսաթոշակային հիմնադրամին փոխանցել մինչեւ 5 հազար եվրո՝ առանց լրացուցիչ հարկման, հաղորդում է Gosvin.ru-ն:
Իրավաբանների խոսքով՝ մարմնավաճառները հասկանում են, որ 40 տարեկանից հետո իրենց կարիերան ավարտին է մոտենում: «Միաժամանակ, ի տարբերություն մարզիկների, նրանք չեն կարող մարզիչ աշխատել»,-ասել է իրավաբան Վիլ Պոստը:
Նշենք, որ Ամստերդամում մարմնավաճառների մեծ մասի տարիքը չի անցնում 30-ից:





























