Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունները չեն խանգարի Եվրամիությանն ու Ուկրաինային այսուհետ եւս առաջ մղել իրենց հարաբերությունները: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:

«Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից բոնդերի գնմանը, այդ համաձայնագիրը, իմ կարծիքով, մեզ չի խանգարի առաջ ընթանալ: Մենք պատրաստ ենք համաձայնագիրը կնքել, աշխատանքը կատարված է: Ես հույս ունեմ, որ Ուկրաինան կշարունակի առաջ ընթանալ այդ ուղղությամբ»,-ասել է Էշթոնը եվրապատգամավորներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ ռու-ուկրաինական միջպետական հանձնաժողովը՝ երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Վիկտոր Յանուկովիչի գլխավորությամբ, դեկտեմբերի 17-ին մի շարք պայմանավորվածությունների է հասել: Մասնավորապես, Ուկրաինայի համար ռուսական գազի գին է որոշվել 268,5 դոլարը՝ հազար խմ-ի համար: Բացի այդ, Ռուսաստանը 15 մլրդ դոլարի եվրոբոնդեր կգնի: