Հայաստանի տարածքում, բացառությամբ Արարատի ու Արմավիրի մարզերի ու Արագածի նախալեռներում, արեւոտ եղանակ է: Այս երեւույթի պատճառները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանել է Հայաստանի ԱԻՆ «Հայպետհիդրոմետի» օդերեւութաբանական կանխատեսումների բաժնի ղեկավար Գագիկ Սուրենյանը:

Ըստ նրա` իսկապես, մայրաքաղաքում ու հարակից շրջաններում ցուրտ ու մառախլապատ է, իսկ լեռնային շրջաններում` պարզ ու արեւոտ: «Օրինակ հիմա Աշոցքում, որը համարվում է Հայաստանի «ցուրտ բեւեռ», ջերմաստիճանը շատ ավելի բարձր է, քան Երեւանում»,-ընդգծել է Սուրենյանը:

Այդ երեւույթի պատճառն այն է, որ սառը խիտ արկտիկական օդը լցրել է ավելի ցածրադիր շրջանները: Տաք հոսանքները հոսում են սառը հոսանքի վրայով, իսկ դրանց շփման գծում մառախուղ է առաջանում: Երեւանում հենց այդպիսի պատկեր է: «Ձյունը», որին ականատես ենք լինում, իրականում մառախուղի կոնցենտրացիա է:

Իրավիճակի փոփոխության համար միջերկրածովային հզոր ցիկլոն է հարկավոր: Առայժմ մնան կանխատեսումներ չկան:

Գագիկ Սուրենյանը հիշեցրել է, որ 1953-ին Երեւանում նմանատիպ պատկեր է դիտվել, երբ նմանատիպ պատճառներով մայրաքաղաքում 90 օր ցուրտ ու առախուղ է եղել: «Սակայն դա, իհարկե, չի նշանակում, որ մեզ երեք ամիս ցուրտ ու մառախուղ է սպասվում»,-ընդգծել է Սուրենյանը: