Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործը երկրորդ անգամ վերադարձվել է լրացուցիչ քննություն կատարելու համար: Արգիշտի Կիվիրյանը ՀՔԾ-ից հետեւյալ բովանդակությամբ գրություն է ստացել. «Ձեր վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ դատախազին ուղարկելուց հետո այն ցուցումներով վերադարձվել է լրացուցիչ քննություն կատարելու համար: Ուստի ձեզ անհրաժեշտ է ներկայանալա ՀՔԾ, համապատասխան դատավարական գործողությունը մասնակցելու նպատակով»:

«Ու դեկտեմբերի 24-ին, ժամը 16:30-ին, ինձ կրկին հրավիրել են ՀՔԾ: Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Հայաստանի դատախազության եւ Հատուկ քննչական ծառայության աճպարարությունները շարունակվում են, տեսնենք, թե էլ ինչ են մտածել...»,-նշել է Արգիշտի Կիվիրյանը:

Հիշեցնենք, որ 2013թ. օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած միջադեպից հետո  Արգիշտի Կիվիրյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու,  եւ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ սուտ մատնություն հատկանիշներով: Ընդ որում, ինչպես NEWS.am-ին հայտնել էր Կիվիրյանը, նրա դեմ աբսուրդային մեղադրանք էր առաջադրվել, թե իբր ոստիկանական մեքենայում ինքն է իրեն վնասել: Մինչեւ տարածված տեսանյութերում էլ հստակ երեւում է, որ ոստիկաններն են դաժան ծեծի ենթարկել Կիվիրյանին բերման ենթարկելիս, իսկ հետո գործ են սարքել նրա դեմ: