Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը   Խաշթառակ գյուղի 35-ամյա բնակչուհուն մեղավոր է ճանաչել  ՀՀ քրեական օրենսգրքի  333  հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով («Սուտ մատնությունը, որը զուգորդվել է ծանր կամ  առանձնապես ծանր  հանցագործության մեջ մեղադրելով, կատարվել է շահադիտական դրդումներով») եւ դատապարտել  6 ամիս պայմանական ազատազրկման՝ 1 տարի փորձաշրջանով, հայտնում է Aravot.am-ը:

Կինը  դատարանին միջնորդել է անցկացնել արագացված դատաքննություն, ասելով, որ ինքը  զղջացել է  իր կատարած  արարքի համար: Դատարանը, որպես նրա  պատասխանատվությունն ու  պատիժը մեղմացնող  հանգամանքներ, հաշվի է առել անկեղծորեն զղջալը, խնամքի տակ  անչափահաս 3 զավակների գտնվելը:

Խաշթառակի բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հոկտեմբերի 29-ին ունենալով շահադիտական դրդումներ, ոստիկանության Իջեւանի բաժնում հաղորդում տալով՝ գիտակցաբար կեղծ տեղեկատվություն է տրամադրել այն մասին, որ իբր 2013թ. հոկտեմբերի 22-ին Տավուշի մարզի Դիտավան գյուղի բնակիչ  Ա.Ս.-ն  նույն գյուղի անտառամասում օգտվելով իր անօրինական վիճակից՝ բռնաբարել է իրեն:

Սոցիալական վատ  վիճակում գտնվող  կինը  տղամարդու հետ սեռական հարաբերություն է  ունեցել, ակնկալելով, որ նա իրեն ֆինանսապես կօգնի, երբ վերջինս հրաժարվել է դա անել, նա  բռնաբարության մասին հաղորդում է տվել:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում