Դեկտեմբերի 23-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը բեկանել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի էր դեկտեմբերի 3-ի որոշումը՝ ֆիզկուլտուրայի ուսուցչին ծեծելու համար կասկածվող՝ Վարդենիկ գյուղի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Մեսրոպ Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ։ Մեսրոպի հայրը՝ Մարզպետուն Գրիգորյանը, NEWS.am-ին ասաց, որ Մեսրոպն այսօր ազատ է արձակվել ՀՀ Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից եւ վաղը պատրաստվում է գնալ դպրոց։
«Տղաս լավ ա, իրեն բարձր մակարդակով են վերաբերվել, առողջ ա, սնունդը տեղն ա: Շատ բարձր տրամադրություն ունի, որ վաղը դպրոց է գնալու, դասընկերներին է տեսնելու: Գնալու է դպրոց, դպրոցի տնօրենը նույնն ա, բայց դասղեկն էլ իր դասղեկը չի. հայտարարել ա, որ գնում ա բուժվելու, առողջական խնդիրներ ունի, բայց իմ իմանալով ինքը շատ առողջ ա»,- ասաց Մեսրոպի հայրը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին ծեծկռտուք էր եղել Վարդենիկի դպրոցի երեք աշակերտների եւ նրանց դասղեկ, ֆիզկուլտուրայի ուսուցիչ Սեւակ Բադալյանի միջեւ։ Դասղեկի հաղորդման հիման վրա 17-ամյա Մեսրոպը կալանավորվել էր, իսկ նրա երկու համադասարանցիները՝ ստորագրությամբ ազատ արձակվել։ Երեք տղաներին հեռացրել էին դպրոցից, բայց ավելի տնօրենը նրանց հետ է ընդունել։
Մեսրոպի համադասարանցիները NEWS.am-ին պատմել էին, որ Սեւակ Բադալյանի և Մեսրոպ Գրիգորյանի միջև վեճ է ծագել, որի ընթացքում Բադալյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հասցրել, խփել Մեսրոպին, որն էլ ինքնապաշտպանության նպատակով հարվածել է ֆիզկուլտուրայի ուսուցչին:




























