Արագածոտնի մարզի Կոշ համայնքում կսկսի գործել 40 երեխայի համար նախատեսված` ցերեկային խնամքի նորաստեղծ կենտրոն: Այդ նպատակով, նորագույն սարքավորումներով հագեցած գյուղի բժշկական միակ կենտրոնն իր մասնաշենքից հատկացրել է 900քմ. մակերեսով տարածք: Հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքը լիարժեք կազմակերպելու համար իր պատրաստակամ աջակցությունն է դրսեւորել ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն մոտ 8 մլն դրամ է հատկացրել 8 ննջասենյակ, ժամանցի, վերականգնողական թերապիայի սենյակներ, խաղասրահ եւ խոհանոց կահավորելու, ինչպես նաեւ վերականգնողական սարքավորումներ ձեռք բերելու համար:

«Ամենակարեւոր դեղամիջոցը ուշադրությունն է: Գոյություն ունեցող խնդիրների առջեւ աչք փակելը չի վերացնում դրանք: Հոգեբանական այն մեծ աջակցությունը, որն այստեղ տրամադրվելու է դրա կարիքը զգացող երեխաներին եւ նրանց ծնողներին, կնպաստի, որպեսզի մասնագետներն ավելի մեծ արդյունքի հասնեն»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ցերեկային խնամքի նորաստեղծ այս կենտրոնը, որը տրամադրում է վերականգնողական ամբողջական թերապիայի ծառայություններ, միակն է Արագածոտնի մարզում: Ֆիզիկական կամ մտավոր հաշմանդամություն ունեցող երեխաներն ու նրանց ծնողները կենտրոնում կարող են ստանալ ոչ միայն հոգեբանական, այլեւ համապատասխան բժշկական աջակցություն: Իսկ մայրաքաղաքից ոչ մեծ հեռավորությունը թույլ կտա կենտրոնի տրանսպորտային միջոցներով լուծել նաեւ 20 երեխա այստեղ տեղափոխելու եւ նրանց սպասարկելու հարցը:

Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը նաեւ հաստատեց ընկերության պատրաստակամությունը համաֆինանսավորման սկզբունքով աջակցել կենտրոն հաճախող 15 երեխայի սոցիալական կարիքները ամսական կտրվածքով: Նույն սկզբունքով եւս 5 երեխայի խնամքի ծախսերը կհոգա Յիրիկյանների ընտանիքը: