Ռուսաստանի Յարոսլավի մարզի Ռոստով քաղաքից 15-ամյա դպրոցականը, ցանկանալով նիհարել, կես տարի տանջել է իրեն դիետաներով եւ արդյունքում առհասարակ դադարել է սնվել: Աղջիկն աչքի առաջ հալումաշ էր լինում՝ վերածվելով կմախքի, սակայն ոչ հարազատները, որ ծնողները ոչինչ չէին արել նրան փրկելու համար:

Երբ դպրոցականին ծանր վիճակում հասցրել են շրջանային հիվանդանոց, վերակենդանացման բաժանմունքի բժիշկները չորս օր պայքարել են նրա առողջության համար, բայց անօգուտ: Աղջիկը մահացել է:

«Աղջկա մահվան պատճառը կարդիոմիոպատիան է, որը կապված է սննդակարգի խախտման հետ, ալիմենտար ծանր դիստրոֆիա եւ դրան զուգահեռ նյարդային ոչ տիպիկ անորեքսիա»,- հայտնել են հետաքննչական վարչությունից:- Այս պահին քննիչները պարզում են ողբերգական իրադրության ստեղծման մեղավորներին, եւ առաջին հերթին իրավակայն գնահատական կտրվի դպրոացականի ծնողներին, ովքեր պարտավոր էին հոգ տանել նրա առողջության մասին»:

Ինչպես պարզվել է, մահացած աղջիկը եղել է ամենալավ ու օրինակելի աշակերտներից մեկը, մասնակցել է օլիմպիադաների ու զանազան մրցույթների, զբաղվել է պարով: Հենց պարի ստուդիայում, ըստ նախնական վարկածի, նրան խորհուրդ են տվել նիհարել՝ կազմվածքը տեսքի բերելու համար: Սակայն այն ժամանակ ոչ ոք չէր կասկածում, թե ինչպես նիհարելը կանդրադառնա դեռահասի վրա եւ հոգեկան ինչ հարված կհասցնի:

Սոցցանցերից մեկում դպրոցականի էջը հեղեղված է դիետաներով, նիհարելու համար բաղադրատոմսերով, ինչպես նաեւ տարբեր ուտեստների ախորժաբեր նկարներով: Աղջկա ծանոթների խոսքով՝ վերջին շրջանում նա դժվարությամբ կարողանում էր միայն մրգեր ուտել ու քաշը հասցրել էր 23 կգ-ի:

Սովի միջոցով մահվան հասցնելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: