Տաջիկ ուսանողներին արգելել են Ամանորին միմյանց եւ դասախոսներին նվերներ նվիրել, ինչպես նաեւ տոնական երեկույթներ կազմակերպել: Այդ մասին է ասվում երկրի կրթության նախարարության հրահանգում, որն ուղարկվել է երկրի բոլոր բարձրագույն եւ միջին կրթական հաստատություններին: Ինչպես պնդում են գերատեսչությունում, տվյալ միջոցառումները նախաձեռնվել են սովորողների միջոցների խնայողության համար, հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով «Ասիա-պլյուսին»:

Ավելի վաղ դեկտեմբերին հայտնի էր դարձել, որ ամանորյա ավանդական խորհրդանիշներ Ձմեռ  Պապն ու Ձյունանուշը բացառվում են Տաջիկստանի պետական հեռուստաալիքների հաղորդումներում՝ վկայակոչելով այն, որ հեքիաթային հերոսները «չունեն ուղղակի կապ հանրապետության ազգային ավանդույթների հետ»:

Տաջիկստանում արդեն չորրորդ տարին շարունակ վիճում են այն հարցի շուրջ, թե արժի՞ տոնել Ամանորը, թե՝ ոչ: Մասնավորապես մի շարք մահմեդական հեղինակավոր հոգեւորականներ եւ Տաջիկստանի «Իսլամական վերածնունդ» կուսակցությունը հանդես են եկել այդ տոնի դեմ, որպես «խորթ իսլամական աշխարհին»: