Հունվարի համար աննախադեպ տաք եղանակի հետեւանքով Սանկտ Պետերբուրգում բույսերը ծիլ են տվել: Այս մասին հայտնել է Սանկտ Պետերբուրգի Բուսաբանական այգու տնօրեն Վասիլի Յարմիշկոն, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Յասամանն արդեն բողբոջել է: Հողամասերում ծիլ են տվել սխտորը, պիոնները, նարգիզները, կարծես թե վաղ գարուն լինի», - հայտնել է Յարմիշկոն:
Նա նշել է, որ հնարավոր կտրուկ սառեցումը կոչնչացնի բողբոջներն ու բերքը:
«Առանց ձյան ուժեղ սառնամանիքը կարող է վնասել նույնիսկ բույսերի արմատային համակարգը: Սակայն, ըստ կանխատեսումների, ուժեղ սառնամանիքներ չեն լինի, այդ պատճառով էլ իմ գնահատականը լավատեսական է», - ասել է Բուսաբանական այգու տնօրենը:





























