Հայաստանի կապի եւ տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանը մասնակցել է Լայպցիգում (Գերմանիա) կայացած Տրանսպորտի միջազգային համագումարին, որին մասնակցել են  համագումարի անդամ հանդիսացող ավելի քան 53 պետությունների ներկայացուցիչներ:
Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը NEWS.am-ին հայտնեց, որ համագումարի շրջանակներում ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության, Բուլղարիայի Հանրապետության, Բելառուսի եւ Ուկրաինայի տրանսպորտի նախարարների հետ: Հանդիպումների ընթացքում նախարարների հետ քննարկվել է  տրանսպորտի բնագավառում համագործակցության ներկա վիճակը, ինչպես նաեւ երկկողմ միջազգային բեռնափոխադրումների տարեկան թույլտվությունների քանակի ավելացման հարցը:
Բուլղարիայի եւ Ուկրաինայի տրանպորտի նախարարները անդրադարձել  են նաեւ նոր, թույլտվություններ չնախատեսող, միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին միջկառավարական համաձայնագիր կնքելու հնարավորության հարցին: Բացի տրանսպորտի բնագավառին առնչվող խնդիրներից, որպես միջկառավարական հանձնաժողովների համանախագահող երկրների տրանսպորտի նախարարներ, քննարկել են նաեւ 2010թ.-ին կայանալիք հայ-բուլղարական եւ հայ-ռումինական, համապատասխանաբար, 6-րդ եւ 3-րդ նիստերի ընթացքում նախատեսվող հարցերի շրջանակները, կազմակերպչական մի շարք այլ հարցեր: Մասնավորապես հստակեցվել է, որ հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը կկայանա այս տարվա սեպտեմբերի 9-10-ը` Երեւանում: