Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն չեղյալ է հայտարարել իր այցը Վաշինգտոն, որտեղ պետք է հանդիպեր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, այդ հանդիպումը նախանշված էր հունիսի 1-ին: Հաղորդվում է, որ հանդիպումը չեղյալ է հայտարարվել «Խաղաղության նավատորմի» միջադեպի շուրջ հարուցված սկանդալի պատճառով:

Իսրայելական զինվորականները մայիսի 31-ին գրոհել են միջազգային նավատորմը, որը շրջափակված Գազայի հատված էր տեղափոխում իրավապաշտպանների եւ հումանիտար բեռներ: Ճշտված տվյալներով հարձակման արդյունքում սպանվել են 19 իրավապաշտպաններ, որոնց մեծ մասը Թուրքիայի քաղաքացիներ են: «Խաղաղության նավատորմը» բաղկացած էր 6 նավերից, որոնց վրա 600 ակտիվիստներ էին Եվրոպայից եւ արաբական երկրներից, այդ թվում տասնյակ պատգամավորներ: Ակցիան կազմակերպվել էր Իռլանդիայի, Շվեդիայի, Հունաստանի, Թուրքիայի, Ալժիրի եւ Քուվեյթի կողմից: