Թուրքական հայտնի Haberturk թերթի գլխավոր խմբագիր Ֆաթիհ Ալթայլը Գազայի հատված հումանիտար օգնություն տանող նավերի դեմ Իսրայելի իրականացրած գործողությունների վերաբերյալ Haberturk հեռուստաընկերության եթերում այնպիսի համեմատության է անցկացրել, որ հեռուստադիտողների խիստ արձագանքին է արժանացել։
Թուրքական հեռուստադիտողի բարձր վարկանիշը վայելող Haberturk-ի եթերում Ֆաթիհ Ալթայլըն խորհուրդ է տվել այդպես կտրուկ չարձագանքել Իսրայելի գործողություններին՝ նշելով, որ դա պատերազմ սկսելու պատճառ չէ։ «Պետք է հարգանքով վերաբերվենք այն թեմաներին, որտեղ Իսրայելը զգայուն է։ Ասենք, Եվրոպայից մի խումբ ցանցառներ որոշեն PKK-ին (Քրդական աշխատավորական կուսակցություն. ԱՄՆ-ում, Եվրոպայում, Թուրքիայում համարվում է ահաբեկչական կառույց) նավերով օգնություն բերել եւ փորձեն խարիսխ գցել Թուրքիայի Իսքենդերուն նավահանգստում, Թուրքիան ի՞նչ կասի»,-հարցրել է Ֆաթիհ Ալթայլը։
Թուրք հեռուստադիտողներին զայրացրել է հայտնի պարբերականի խմբագրի համեմատությունը՝ Գազայի հատված օգնություն տանող կամավորների եւ եվրոպացի «ցանցառների» միջեւ:
Նշենք, որ Իսրայելի զինված ուժերի կողմից Գազայի հատված մարդասիրական բեռներ տեղափոխող նավերի նկատմամբ ռազմական գործողությունների ընթացքում, ըստ իսրայելական տարբեր լրատվամիջոցների, զոհվել է մինչեւ 19 հոգի։ Իսրայելական զինվորականները զենքի կիրառումը պատճառաբանում են ինքնապաշտպանության անհրաժեշտությամբ, նրանց խոսքով՝ նավում գտնվողները դանակներով եւ տարբեր առարկաներով իրենց վրա են հարձակվել։
Թուրքիան արագ արձագանքել է այս միջադեպին։ Նա ետ է կանչել Իսրայելում իր դեսպանին, չեղյալ հայտարարել Իսրայելի հետ համատեղ անցկացվելիք զորավարժությունները։




























