Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե, չեղյալ հայտարարելով այցն Արգենտինա, ինքը պաշտպանել է Թուրքիաի պատիվը, հաղորդում է թուրքական Today\'s Zaman-ը:

Ավելի վաղ վարչապետը չեղյալ էր հայտարարել այցն Արգենտինա, քանի որ արգենտինական մայրաքաղաքի այգիներից մեկում Աթաթուրքի հուշարձանի բացումը, որի թույլտվությունը ստացել էր Թուրքիան, մերժվել էր Բուենոս-Այրեսի քաղաքային իշխանությունների կողմից:

«Մենք պետք է անեինք դա, որպեսզի պաշտպանենք Թուրքիայի պատիվը»,- հայտարարել է Էրդողանը՝ Հարավային Ամերիկայում շրջագայության ընթացքում դիմելով գործարարներին:

Թուրքիայի վարչապետը նշել է նաեւ, որ Արգենտինայի նախագահը զանգահարել է իրեն եւ հաղորդել, որ իրենք չեն կարող շտկել իրավիճակը:

«Հայկական լոբբին լուրջ ջանքեր է գործադրել Բուենոս-Այրեսում վերջին 2-3 օրերին: Արգենտինայի մայրաքաղաքում հայկական ծագմամբ մոտ 200 հազար մարդ է ապրում: Հայերը ճնշում են բանեցրել իշխանությունների վրա: Այնտեղ ինքնուրույն վարչակազմ չկա եւ տվյալ որոշումն ընդունվել է՝ անկախ կենտրոնական վարչակազմի ցանկությունից»,- վարչապետի խոսքերն է մեջբերել թուրքական աղբյուրը: