2010 թվականի առաջին 5 ամիսներին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն աշխատում է  գերակատարումներով: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից, 2010թ.-ի հինգ ամիսների հավաքագրումները գերակատարվել են եւ\' հարկային, եւ\' մաքսային մասով. պետբյուջե է մուտքագրվել ավելի քան 234 մլրդ դրամ, այսինքն` ծրագրված ցուցանիշը գերակատարվել է ավելի քան 27մլրդ դրամով:

Ընթացիկ տարվա հինգ ամիսների հավաքագրումները զգալիորեն գերազանցել են 2009թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշները: Մասնավորապես,  2009թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, այս տարվա հունվար-մայիս ամիսներին հավաքագրվել է մոտ 45,4 մլրդ դրամով ավելի գումար: Իսկ 2008թ.-ի հինգ ամիսների համեմատ` այս տարվա հինգ ամիսների հավաքագրումները ավելացել են ավելի քան 2մլրդ դրամով:

Սոցիալական ապահովության վճարների մասով եւս արձանագրվել է գերակատարում` ինչպես 2008-ի եւ 2009-ի առաջին հինգ ամիսների, այնպես էլ այս տարվա հինգ ամիսների ծրագրային ցուցանիշի նկատմամբ: Մասնավորապես,  2010թ.-ի հունվար-մայիս ամիսներին հավաքագրվել է  ավելի քան 45,2մլրդ դրամ, ինչը ծրագրված ցուցանիշը գերազանցել է ավելի քան 5,7մլրդ դրամով: 2010-ի առաջին հինգ ամիսների ընթացքում հավաքագրված սոցվճարները ավելի քան  6,5մլրդ-ով գերազանցել են 2009-ի, իսկ շուրջ 5,8մլրդ-ով էլ` 2008-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: