Մաշտոցի պողոտայի 16 հասցեում գտնվող «Աստեչ» գրասենյակի տնօրեն Աշոտ Սարգսյանը հերքել է լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունը, թե իրեն առեւանգել եւ ծեծի են ենթարկել Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Յուրա Բեգլարյանն ու նրա թիկնապահները:

Ըստ Սարգսյանի՝ խնդիր է եղել իր աշխատակիցներից մեկի հետ կորած մի հեռախոսի պատճառով, եւ ինքն ուղղակի մի քանի րոպե խոսել է Յուրա Բեգլարյանի հետ, ինչից հետո խնդիրը հարթվել է: «Հունիսի 1-ին իմ եւ Յուրա Բեգլարյանի միջեւ որեւէ կոնֆլիկտ տեղի չի ունեցել: Մենք ըստ էության ծանոթներ չենք: Առկա նյութում տպագրված պահերն ամբողջական չեն: Որեւէ խնդիր գոյություն չունի»,- նշել է Սարգսյանը:

Ինչպես ավելի վաղ NEWS.am-ին հայտնել էին «Աստեչ» գրասենյակից՝ այսօր, ժամը 11.10-ին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եղբայր Յուրա Բեգլարյանը իր թիկնազորով ներխուժել է Մաշտոցի 16 հասցեում գտնվող «Աստեչ» գրասենյակ եւ ծեծելով առեւանգել գրասենյակի տնօրեն Աշոտ Սարգսյանին եւ աշխատակից Միքայել Սարյանին ու տարել անհայտ ուղղությամբ: Աշոտ Սարգսյանի հարազատները հայտնել էին, որ հայտարարություն են փոխանցել Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի անունով: