Միացյալ նահանգներում լույս տեսնող հայական «Ասպարեզ» թերթը ներկայացրել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչի հանդիպումները Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Թերթը նշում է, որ Յովանովիչը, ըստ էության իր բոլոր ելույթներում փորձել է արդարացնել Միացյալ նահանգների նախագահ Բարաք Օբամայի պահվածքը հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։ Նա իր նախագահի այդ դիրքորոշումը բացատրել է Միացյալ նահանգների ագային շահերով։ «Յովանովիչի ասածը մի քանի բառով մեկնաբանելով՝ կարելի է ասել, որ եթե Միացյալ նահանգների նախագահը խուսափում է ցեղասպանություն տերմինը արտաբերելուց, ապա ուրեմն այդպիսին է այդ երկրի պետական քաղաքականությունը», մասնավորեցրել է «Ասպարեզը»։
NEWS.am-ը արդեն տեղեկացրել է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանը գտնվում է Միացյալ նահանգներում, որտեղ տարբեր քաղաքներում հանդիպումներ է ունենում տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ։ Հունիսի 27-ին Յովանովիչը նախատեսում է մասնակցել «Avedissian Hall of Ferrahian School»-ում հայ համայնքի կազմակերպած համաժողովին։



























