Գազայի նավահանգստին կից հրապարակը կվերանվանվի Hurriyet-ի հրապարակ, իսկ իսրայելական ուժերի կողմից նավերի վրա հարձակման  հետեւանքով սպանված թուրքերի անունները կգրվեն այդ հրապարակում կանգնեցվելիք հուշարձանին։ Այս ամենը Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրել է Գազայի կառավարության ղեկավար Իսմայիլ Հանիյեն։

Ըատ թուրքական Internethaber-ի, Իսմայիլ Հանիյեն Թուրքիայի վարչապետին իր ցավակցությունն է հայտնել Իսրայելի զինուժի կողմից հարձակման ժամանակ սպանված Թուրքիայի քաղաքացիների եւ PKK-ի կողմից Իսքենդերունի զորամասում սպանված 7 թուրք զինվորականի համար։

Իր հերթին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեղեկություններ է հաղորդել իսրայելական զինուժի հարձակումից հետո Թուրքիայի ձեռնարկած միջոցների մասին եւ վստահեցրել զրուցակցին, որ իրենք պաղեստինցիներին եւ Գազայի բնակչությանը միայնակ չեն թողնի։