Հայաստանում ներքին կյանքը կայուն է: Այս մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ Դոնի Ռոստովում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Ըստ նախագահի՝ հակաճգնաժամային միջոցառումները, որ ձեռնարկել էր կառավարությունը, արդեն տալիս են իրենց պտուղները: «2010 թվականի անցած ամիսներին արձանագրվել է 7 տոկոսը գերազանցող տնտեսական աճ: Մենք գտնվում ենք վերականգնման փուլում: Տեղական եւ միջազգային փորձագետների գնահատականներով մեր տնտեսական աճի ամբողջական վերականգնումը շատ չի ուշանա»,- նշել է Սերժ Սարգսյանն ու հավելել, թե Հայաստանի ղեկավարությունը ելնում է այն պարզ ու հանճարեղ սկզբունքից, որ գրեթե բոլոր խնդիրների լուծման բանալին աշխատանքն է: «Մեր ժողովրդի դարավոր փորձը դա է ցույց տալիս: Մենք սիրում եւ կարողանում ենք աշխատել: Նաեւ աշխատել անբարենպաստ պայմաններում: Ասվածի վառ վկայությունը ձեր աչքի առջեւ է. ես նկատի ունեմ Նոր Նախիջեւանի հիմնադրումը: Մենք բազում արհավիրքներ ենք վերապրել, բազում փորձություններ անցել: Վերապրել բառը մեր դեպքում ավելին է, քան դիմակայելը, մենք պարտավոր ենք բոլոր դժվարություններից դուրս գալ ավելի ուժեղացած, ավելի կազմակերպված ու ամրացած: Այլընտրանք պարզապես չունենք»,- ասել է նախագահը: