Շիրակի մարզում «Արփի լիճ» ազգային պարկի ստեղծման աշխատանքերը ֆինանսավորող Գերմանական Զարգացման բանկը ծրագրի համար նախատեսված 2 մլն 200 հազար եվրոն կտրամադրի փուլային տարբերակով։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեղեկատվությամբ հանդես եկավ Բնապահպանության նախարարության մամուլի քարտուղար Հասմիկ Մկրտչյանը։

Նրա խոսքով, տրամադրվելիք գումարներով 2010-ին նախատեսված է իրականացնել ազգային պարկի ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքեր, այդ թվում՝ կենտրոնական գրասենյակի, հյուրատան, այցելուների կենտրոնի եւ հարակից այլ շինությունների կառուցապատում. «Բացի այդ, նախատեսվում է իրականացնել համայնքային զարգացման մի շարք ծրագրեր, ինչպիսիք են անասնաբուծության եւ մեղվապահության առաջմղումը, զբոսաշրջության զարգացումը»,- տեղեկացրեց Հասմիկ Մկրտչյանը՝ հավելելով, որ բացի վերոնշյալ ծրագրերից, նախատեսվում է վերջնական տեսքի բերել «Արփի լիճ» ազգային պարկի կառավարման պլանը, ավարտին հասցնել սահմանների հստակեցման եւ սահմանագծման աշխատանքները։

Բնապահպանության նախարարության մամուլի քարտուղարը տեղեկացրեց նաեւ, որ շինարարական աշխատանքներն իրականացնելու է նախապես հայտարարված մրցույթում շահած «Կարա Լանս» ընկերությունը։ «Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել 2011 թվականի հունիսի 30-ին»,- ամփոփեց նա։

Վայրի բնության համաշխարհային հիմադրամի երեւանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանն իր հերթին տեղեկացրեց, որ հատկացվելիք 2 մլն 200 հազար եվրոյից Գերմանական Զարգացման բանկը արդեն իսկ տրամադրել է շուրջ 300 հազար եվրո. «Մնացած 1 մլն 300 հազար եվրոն կտրամադրվի փուլային կարգով»,- հստակեցրեց  Մանվելյանը։

Նշենք, որ Շիրակի մարզում՝ Արփի լճի մոտակայքում, 2011 թվականին նախատեսվում է ազգային պարկ հիմնել։ «Արփի լիճ» ազգային պարկի ստեղծման գաղափարը Հայաստանի կառավարությանն է։ Նախագծի 2 մլն 200 հազար եվրոյի ֆինանսավորումը կապահովի Գերմանական Զարգացման բանկը։