«Ցրտահարության պատճառով լուրջ վնասներ են գրանցվել  մրգատու ծառերի, հացահատիկային ցանքսերի ու բանջարաբոստանային կուլտուրաների հետ կապված»,- այսօր` հունիսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանը:

«Եթե անցած տարի մենք ունեցել ենք մոտ 85 հազար տոննա ծիրանի բերք, ապա այս տարի 30-40 տոկոսով պակաս կլինի՝ լուրջ ցրտահարության պատճառով: Քանի որ ծիրանի մեծ պաշարներ ունենք Արմավիրի, Արարատի մարզում, կոնկրետ Արտաշատի տարածաշրջանում մոտ 50-60 տոկոսի ծիրանի կորուստ կունենանք, բայց ամեն դեպքում բարձրադիր գոտիներում`  Արագածոտնում ու Կոտայքում ունենք լավ բերք, մոտ 30-40 հազար տոննա ծիրան»,- ասել է նախարարը:

Նշենք, որ անցած տարի արտահանվել է ընդամենը 13 700 տոննա ծիրան եւ մթերվել մոտ 4 հազար տոննա: Գյուղնախարարի վստահեցմամբ` մթերումների ու արտահանումների հետ կապված խնդիրներ չեն լինելու:

«Ծիրանի շուկայի ծավալների կրճատման խնդիրներ կունենանք, բնականաբար գների աճ կնկատվի ծիրանի արտադրության մեջ, բայց ես կարծում եմ, որ մենք ունենք ավելի լուրջ խնդիրներ: Պետք է միջոցառումներ իրականացնենք, որպեսզի եղած բերքը պահենք»,-ասել է Գերասիմ Ալավերդյանը` նկատի ունենալով այն, որ արդեն գլուխ են բարձրացրել հատիկաընդեղենի ու մրգի հետ կապված մի քանի տեսակի հիվանդություններ: