Իսրայելը լուրջ վնասներ է կրելու «Ազատության նավատորմի» նկատմամբ ուժային գործողության պատճառով: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: «Իսրայելն ինքն իրեն վնաս է հասցնելու»,- ասել է նա:

Գյուլի խոսքով, հարձակման արդյունքում ինը մարդ է զոհվել, որոնցից չորսը թուրքեր: «Մենք պահանջել ենք արագ ազատել եւ հայրենիք ուղարկել մեր քաղաքացիներին»,- հավելել է Թուրքիայի նախագահը:

Հիշեցնենք, որ նախօրեին առավոտյան իսրայելական ռազմածովային ուժերը գրոհով վերցրել են այսպես կոչված «Խաղաղության նավատորմի» նավերը, որոնք մոտ 600 իրավապաշտպանների եւ 10 տոննա մարդասիրական բեռներ էին տեղափոխում Գազայի հատված: Որոշ տվյալներով, սպանվել են մոտ երկու տասնյակ իրավապաշտպաններ, իսկ նավերը տեղափոխվել են Իսրայելի նավահանգիստներ:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելի քայլը «պետական ահաբեկչություն» է որակել: Թուրքիան նաեւ ետ է կանչել Իսրայելում իր դեսպանին՝ Օղուզ Չելիքքոլին: