Հունիսի 2-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել  փոքր եւ միջին կազմակերպությունների (ՓՄԿ) ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտի թարգմանության հանձնման պաշտոնական արարողությունը: ՓՄԿ ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտը թարգմանվել եւ խմբագրվել է USAID–ի ֆինանսավորմամբ՝ Հայաստանում ֆինանսական համակարգի կայունացման փորձնական ծրագրի շրջանակում:

Հայաստանյան կազմակերպությունների կողմից ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտի կիրառումը, որն ապահովում է միջազգայնորեն ընդունված ժամանակակից հաշվապահական չափանիշներ, կբարձրացնի այդ կազմակերպությունների, մասնավորապես՝ ՓՄԿ-ների ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը և կապահովի դրանց թափանցիկությունը:

Միջոցառմանը ներկա են եղել եւ ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության  (USAID) հայաստանյան առաքելության ղեկավար դոկտոր Ջատինդեր Չիման, ինչպես նաեւ ՀՀ պետական մարմինների և միջազգային այլ կազմակեպությունների ներկայացուցիչներ:

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը իր խոսքում կարեւորել է ՓՄԿ-ների ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտի նշանակությունը հայաստանյան ընկերությունների նկատմամբ վստահության բարձրացման, կապիտալի միջազգային շուկաների հասանելիության և, որպես հետևանք, Հայաստանում ներդրումների խթանման գործում: Իր հերթին USAID հայաստանյան առաքելության տնօրեն դոկտոր Չիման նկատել է, որ նշված ստանդարտի ներդրումը և կիրառումը Հայաստանում երաշխիք կհանդիսանա, որպեսզի  տեղական և օտարերկրյա ներդրողներն իրենց ներդրումային որոշումները կայացնեն` կազմակերպությունների թափանցիկ և իրատեսական ֆինանսական տեղեկատվության հիման վրա: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից: