Թուրքիայում բնակվող հայ համայնքի, ինչպես նաեւ մյուս համայնքների վրա օրերս տեղի ունեցած իսրայելա-թուրքական հակադրությունը չի ազդել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հավաստիացրել է Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի խմբագիր Արա Գոչունյանը՝ հավելելով, որ թուրքական կառավարությունը ձգտում է երկրի ազգային փոքրամասնություններին զերծ պահել նման խնդիրներից ու դրանց առաջացրած բացասական հետեւանքներից։
Ինչ վերաբերում է թուրք-իսրայելական հակամարտությանը, ապա այն, Գոչունյանի հավաստմամբ, լայն քննարկման առարկա է դարձել Թուրքիայում՝ թե՛ պաշտոնական, թե՛ փորձագիտական, թե՛ հասարակական մակարդակներում։ «Կառավարությունը չի բացառում քաղաքական եւ տնտեսական հնարավոր պատժամիջոցների կիրառումը Իսրայելի նկատմամբ։ Ինչպես հայտնի է, թուրք բարձրաստիճան պաշտոնյաները հակամարտության հետ կապված տարբեր հանդիպումներ են ունեցել միջազգային կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաեւ ԱՄՆ-ի նախագահի եւ պետքարտուղարի հետ։ Եւ Թուրքիան, որը փորձում է իր կշիռը մեծացնել Մերձավոր Արեւելքում ու իր նպաստը բերել իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային շատ խնդիրների հետ կապված մշտապես շեշտադրում է Իսրայելի հետ ունեցած իր հակադրությունները։ Երեկ էլ վարչապետ Էրդողանի ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության հրավիրած նիստում բավական կոշտ բառապաշարով հայտարարություններ հնչեցին մայիսի 31-ին տեղի ունեցած բախման մասին, մասնավորապես՝ որքան արժեքավոր է Թուրքիայի հետ բարեկամությունը, նույնքան էլ ծանր է Թուրքիայի հետ թշնամանալը»:
Արա Գոչունյանը նշեց նաեւ, որ այժմ Թուրքիայում սպասողական վիճակ է, եւ դեպքերի ընթացքը ցույց կտա, թե ինչ լուծում կստանա հակամարտությունը։
Մեր հարցին՝ ինչպիսի՞ն է թուրքական կառավարության վերաբերմունքը, մասնավորապես՝ Թուրքիայում ապրող հրեական համայնքի նկատմամբ, Արա Գոչունյանը պատասխանեց. «Այս պահի դրությամբ Թուրքիայում ապրող հրեաները որեւէ գործնական հակազդեցության չեն ենթարկվում։ Բարոյահոգեբանական առումով էլ որեւէ ճնշում չկա ազգային փոքրամասնությունների եւ, մասնավորապես՝ հրեաների նկատմամբ։ Հայտնի է, որ կառավարության կողմից համապատասխան հրամանագիր է ստորագրվել, որով առանձնահատուկ ուշադրության եւ խնամքի են արժանանում Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունները։ Հետեւաբար, որեւէ խնդիր առկա չէ»:
«Ժամանակ»-ի խմբագիրը հավելեց նաեւ, որ իսրայելա-թուրքական կոնֆլիկտը շարունակում է մնալ համաշխարհային ուշադրության կենտրոնում ու դրա լուծումը կենսական նշանակություն կարող է ունենալ տարածաշրջանի համար։
Հիշեցնենք, որ օրերս իսրայելական ռազմածովային ուժերը գրոհով վերցրել էին «Խաղաղության նավատորմի» նավերը, որոնք մոտ 600 իրավապաշտպանների եւ 10 տոննա մարդասիրական բեռներ էին տեղափոխում Գազայի հատված: Որոշ տվյալներով, սպանվել էին մոտ երկու տասնյակ իրավապաշտպաններ, իսկ նավերը տեղափոխվել էին Իսրայելի նավահանգիստներ:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելի քայլը «պետական ահաբեկչություն» էր որակել: Թուրքիան նաեւ ետ էր կանչել Իսրայելում իր դեսպանին՝ Օղուզ Չելիքքոլին:


























