Իսրայելական իշխանությունները մեղադրել են թուրքական բարեգործական IHH կազմակերպությանը՝ Գազայի հատված նավատորմի ուղարկման կազմակերպիչներից մեկին, մահմեդական խմբավորումների ֆինանսավորման եւ ջիհադիստների հավաքագրման մեջ, գրում է գերմանական Die Welt պարբերականը:

«Եթե ճիշտ են նրանք, ովքեր կասկածում են IHH-ի՝ ահաբեկիչներին աջակցելու մեջ, Անկարայի հովանավորչական դիրքորոշումը կարելի է գնահատել որպես թշնամական ակտ Իսրայելի նկատմամբ»,- գրում է մեկնաբանը:

Թուրքիայի գծով մասնագետ, անգլիացի լրագրող Գարեթ Ջենքինսի կարծիքով, IHH-ին առաջադրված մեղադրանքների մի մեծ մասն արդարացի են: Նա խոսել է կազմակերպության ներկայացուցիչների հետ եւ եկել համոզման, որ աշխարհի ավելի քան 100 երկրներում այդ կազմակերպության գործունեությունը կրում է բարեգործական բնույթ, սակայն իրենք չեն թաքցնում, որ ջիհադիստների են հավաքագրում Աֆղանստանում եւ այլ թեժ կետերում գործողությունների համար:

Գերմանական թերթը նշում է, որ IHH-ն առաջացել է Milli Görüs կազմակերպությունից, որի անդամներ են եղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլը: