Իսրայելում Թուրքիայի դեսպան Օղուզ Չելիքոլը վերադարձել է Ստամբուլ:
Իսրայելական զինուժի կողմից Գազայի հատված մարդասիրական օգնություն տեղափոխող նավերի վրա հարձակումից հետո Թուրքիան ետ էր կանչել Իսրայելում իր դեսպան Օղուզ Չելիքոլին, ով հունիսի 3-ին ժամանել է Ստամբուլ:
Թուրքական ավիաուղիների չվերթով Ստամբուլ ժամանած Օղուզ Չելիքոլը օդանավակայանում հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին: Դեսպանը Ստամբուլից պետք է մեկնի Անկարա:
Նշենք, որ Օղուզ Չելիքոլին ամիսներ առաջ Իսրայելի արտգործնախարարությունում հանդիպման ժամանակ նվաստացրել էին` նստեցնելով նրան ավելի ցածր աթոռին: Հիշյալ դեպքին Թուրքիայի խիստ արձագանքից հետո Իսրայելը ստիպված ներողություն էր խնդրել:
Հիշեցնենք, որ օրերս իսրայելական ռազմածովային ուժերը գրոհով վերցրել էին այսպես կոչված «Խաղաղության նավատորմի» նավերը, որոնք մոտ 600 «իրավապաշտպանների» եւ 10 տոննա մարդասիրական բեռներ էին տեղափոխում Գազայի հատված: Որոշ տվյալներով, սպանվել են մոտ երկու տասնյակ «իրավապաշտպաններ», իսկ նավերը տեղափոխվել են Իսրայելի նավահանգիստներ:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իսրայելի քայլը «պետական ահաբեկչություն» է որակել՝ Իսրայելից ետ կանչելով իր դեսպանին:

























