Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցի այցելելու ցանկություն հայտնած հայ զբոսաշրջիկների քանակության  ավելացման կապակցությամբ Թուրքիայում Վանի ուղեցույցը հրատարակվել է նաեւ հայերեն լեզվով:

Ուղեցույցը հրատարակվել է հայերեն, քրդերեն, արաբերեն եւ պարսկերեն, հաղորդում է «Hurriyet»-ը: Հայերենի թարգմանությունը կատարվել է Թուրքիայում հրատարակվող «Ակոս» թերթի աշխատակիցների կողմից:

Թուրքական թերթը նշում է նաեւ, որ հայերը հոռետեսորեն են վերաբերվել հայերենով ուղեցույցին:

«Կարեւորը բովանդակությունն է, այլ ոչ հրատարկման լեզուն»,- ասել է Գագիկ Գյուրջյանը՝ Հայաստանի մշակույթի նախկին փոխնախարարը, եւ հավելել. «Եթե գրքում, համաձայն Թուրքիայի պաշտոնական գաղափարախոսության, արհամարհվում են հայկական քաղաքակրթության հետքերն ու նրա մշակութային ժառանգությունը, կարեւոր չէ, թե ինչ լեզվով է տպվել գիրքը: Գլխավորը հարգանքն է պատմության նկատմամբ»: