Հայաստանի կառավարությունը հունիսի 3-ին կայացած նիստում որոշում է կայացրել Կոտայքի մարզի Մրգաշենի դպրոցի ներքին եւ արտաքին հարդարման աշխատանքն ավարտին հասցնելու նպատակով 20 մլն դրամ հատկացնել Հայաստանի քաղաքաշինության նախարարությանը, 2 մլն դրամ` մշակույթի նախարարությանը՝ երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի կազմակերպմանն աջակցելու նպատակով «Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամին որպես նվիրատվություն տրամադրելու համար։

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկ այլ որոշմամբ պատմամշակութային թանգարան ստեղծելու նպատակով «Արաբոյի եւ ֆիդայիների թանգարան» հայրենասիրական ՀԿ-ին անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է Արմավիրի մարզի Բաղրամյանի գյուղական համայնքում գտնվող եւ պետական սեփականություն հանդիսացող 420 քմ տարածքը։