DigiTec Business 2010 համաժողովը տեղի կունենա հունիսի 9-10-ը Երեւանում, որին շուրջ 5000 հայաստանյան գործարարներ են հրավիրվել։ Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը` ավելացնելով, սակայն, թե փորձը ցույց է տալիս, որ հրավիրված շուրջ 5000 գործարարներից  համաժողովին կմասնակցեն ընդամենը 1500-2000 գործարարներ։

«Համաժողովի հիմնական նպատակը տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունների ներկայացումն է Հայաստանի մասնավոր հատվածի մրցունակության բարձրացման նպատակով»,- ասաց Վարդանյանը՝ ավելացնելով, որ DigiTec Business համաժողովը նախատեսված է կազմակերպությունների ղեկավարների և պատասխանատու անձանց համար, որտեղ կներկայացվեն այն բոլոր մրցակցային առավելությունները, որ բիզնեսը կարող է ստանալ` կիրառելով տեղեկատվական տեխնոլոգիաները։

«Մենք արդեն մի քանի անգամ խոսել ենք, եւ պետությունը նույնպես ահազանգել է, որ Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման առումով գտնվում է աշխարհի վերջին տեղերում»,- ասաց ԻՏՁՄ գործադիր տնօրենը՝ ավելացնելով, որ համաժողովը նպատակ ունի բարձրացնել Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման մակարդակը։

Վարդանյանի խոսքով՝ այս տարի համաժողովին կմասնակցեն նաեւ Մակեդոնիայի, Ռումինիայի, Սերբիայի ՏՏ ասոցիացիաների, ինչպես նաեւ հարավարեւելյան Եվրոպայի խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ։

Տեղեկացնենք, որ DigiTec Business 2010 համաժողովը Երեւանում տեղի է ունենում արդեն երրորդ անգամ։