Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հայցը Հայ ազգային կոնգրեսը երկու օր առաջ ուղարկել է Հաագայի միջազգային քրեական դատարան։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։ NEWS.am-ը փորձեց այս մասին մեկնաբանություն ստանալ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից։ Նա պատասխանեց, թե որեւէ նոր ասելիք չունի այս առթիվ, քանի որ նախկինում առիթ է ունեցել այս թեմայով մի քանի անգամ մեկնաբանություններ տալու։ Եւ առաջարկեց ինտերնետում փնտրել-գտնել նախկինում հայտնած իր մեկնաբանություններն ու ծանոթանալ դրանց։
Պարոն Սողոմոնյանին խնդրեցինք հիշեցնել նախկինում արած իր մեկնաբանություններն այս թեմայով, ինչին ի պատասխան՝ նա ասաց. «Ես չէի ցանկանա հին բանը հիշեցնելով ձեզ հարցազրույց տալ, ավելի նպատակահարմար է ինչ-որ պատեհ առիթով նոր բանի մասին հարցազրույց տալ»։ Վիկտոր Սողոմոնյանն, այնուամենայնիվ, մեր զրույցի ընթացքում, նշեց. «Կարծիքս այս հարցի հետ կապված չի փոխվել, որովհետեւ Հայաստանը չի անդամակցել Հռոմի ստատուտին, որը թույլ է տալիս գործեր ներկայացնել Հաագայի դատարան....Ես բազմիցս եմ ասել այդ մասին, եւ եթե իրենք հիմա նորից են այս մասին խոսում, դա չի նշանակում, որ ես նորից պետք է պատասխանեմ։ Ես իմ աշխատանքին լուրջ եմ վերաբերվում։ Ես ուղղակի չեմ ուզում ծեծված թեմայով հարցազրույց տալ, որը կհայտնվի լրահոսում։ Առավել եւս՝ չեղած բանի շուրջ»։
Իսկ ահա ՀԱԿ մամլո խոսնակ Արման Մուսինյանը, հարցին՝ ի՞նչ ապագա են կանխորոշում հայցին, արդյո՞ք դրանում ներկայացված փաստերն ու ապացույցները բավարար են, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը կանգնի դատարանի առաջ, ասաց. «Հայցը բավականաչափ հիմնավոր եւ հարուստ է, որպեսզի ունենա ինչպես քաղաքական, այնպես էլ իրավական հետեւանքներ»։
Նշենք, որ հայցի տեքստն, ըստ մեր տեղեկությունների, բաղկացած է 280 էջից, իսկ դրան կցված փաստաթղթերը կազմում են մոտ 4 հազար 5 հարյուր էջ։ Դրանց թվում են նաեւ ներկայումս Եվրոպայի մարդու իրավունքների դատարանում քննվող ավելի քան 40 գործերի մասին մանրամասն տեղեկություններ: Փաստաթղթերից բացի հայցին կցված են տեսաձայնագրություններ եւ վկայություններ։ Նշված փաստաթղթերն ու տեսաձայնագրությունները վերաբերում են ինչպես 2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին Երեւանի կենտրոնում տեղի ունեցածին, այլ նաեւ Քոչարյանի իշխանության տարիներին կատարված մի շարք աղմկոտ սպանություններին, Երեւանի կենտրոնի բնակիչներին իրենց տներից բռնի տեղահանելուն եւ բազմաթիվ այլ փաստերի։
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Հայաստան էր ժամանել Հաագայի միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մորենո-Օկամպոն։ Նա հանդիպումներ էր ունեցել Հայաստանի գլխավոր դատախազի, ինչպես նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Նախագահի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել էին Հաագայի դատարանի հետ Հայաստանի համագործակցության հնարավորությունները։


























