«Ժառանգություն» կուսակցության «Հայք» երիտասարդական-ուսանողական միությունը հայտարարություն է տարածել, որտեղ խստորեն դատապարտում ոստիկանության գործողությունները:
«2010 թվականի մայիսի 31-ին ՀՀ ոստիկանության աշխատակիցները, կոպտորեն խախտելով քաղաքացիների ազատ տեղաշարժվելու սահմանադրական ազատությունը, ֆիզիկական ուժի անհամաչափ եւ բիրտ կիրառմամբ չեն թույլատրել մի խումբ քաղաքացիներին մտնել Ազատության հրապարակ: Բացի այդ, ոտիկանության կողմից, որը հիշեցնենք, կոչված է պաշտպանելու մարդկանց իրավունքները, բերման են ենթարկվել շուրջ մեկուկես տասնյակ քաղաքացիներ: Վերջիններիս թվում էին նաեւ իրենց մասնագիտական օրինական գործունեությունը իրականացնող երեք լրագրողներ: Լրագրողներից մեկը` Անի Գեւորգյանը, եւ երտասարդ ակտիվիստներ Դավիթ Քիրամիջյանը ու Սարգիս Գեւորգյանը արդեն երեք օր է, ինչ գտնվում են կալանքի տակ:
Դեպքերին հաջորդած երեկոյան եւ գիշերը ոտիկանության բաժին այցելեցին «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը եւ Արմեն Մարտիրոսյանը, որոնց համար ակնհայտ դարձավ, որ Ազատության հրապարակ մտնել ցանկացող քաղաքացիների նկատմամբ անիրավաչափ ուժ է կիրառվել, իսկ ոստիկանության գործողությունները եղել են բռի եւ ապօրինի: Անի Գեւորգյանի հագուստից կարելի էր դատել, որ իր նկատմամբ բռնություն է կիրառվել, իսկ ահա վերջինիս «գործողություններից տուժած» ոստիկանի վրա բռնության որեւէ հետք չի եղել:
«Ժառանգություն» կուսակցության «ՀԱՅՔ» երիտասարդական-ուսանողական միությունը գտնում է, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից կատարվել են Քրեական Օրենսգրքի 164-րդ՝ «Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը» եւ 348-րդ՝ «Ապօրինի ձերբակալելը կամ կալանավորելը» հոդվածներով նախատեսված հանցագործություններ:
Որեւէ մեկի համար կասկած չի հարուցում այն հանգամանքը, որ վերոգրյալ ապօրինությունները հրահանգված են իշխանության վերնախավի կողմից այլախոհներին լռեցնել փորձելու համար: «Ժառանգության» երիտասարդներս համոզված ենք, որ ՀՀ Սահմանադրության եւ օրենքների շարունակական կոպիտ ոտնահարումներով գործող իշխանության կամակատար ոստիկանությունն իր դեմ է տրամադրում եւ ավելի է զայրացնում հանրությանը` մեծացնելով իշխանությունների եւ ժողովրդի մեջ գոյություն ունեցող մեծ անջպետը:
Հիմնվելով վերոգրյալի վրա` «ՀԱՅՔ» երիտասարդական-ուսանողական միությունը ՀՀ դատախազությունից եւ ոստիկանությունից պահանջում է անհապաղ ազատ արձակել երիտասարդ ակտիվիստներին եւ լրագրող Անի Գեւորգյանին, ինչպես նաեւ` օրենքով սահմանված կարգով պատժել օրինախախտ ոստիկաններին»,-ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ մի քանի ժամ առաջ Անի Գեւորգյանն ու նրա եղբայր Սարգիս Գեւորգյանն ազատ են արձակվել, իսկ ակտիվիստ Դավիթ Քիրամիջյանը կալանավորվել է:


























