Հայաստանում դրամի արժեւորումը պայմանավորված է ԿԲ կողմից վարվող սեղմողական քաղաքականությամբ, երբ նվազեցվում է շրջանառության մեջ առկա դրամի քանակությունը, ինչպես նաեւ ԿԲ-ի կողմից պարտադիր պահուստավորման նորմատիվի փոփոխությամբ:

Այս մասին այսօր` հունիսի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Նրա խոսքով, ԿԲ-ն պարտադրեց, որպեսզի բանկերը իրենց գումարները պահուստավորեն դրամով, ինչի արդյունքում շրջանառության մեջ դրամի քանակը նվազեց եւ դա հանգեցնում է դրամի արժեւորման:

Դիտարկմանը, թե մի կողմից կառավարությունը հայտարարում է տնտեսությունը խթանելու մասին, մյուս կողմից, ԿԲ-ն բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, այսինքն բիզնեսի համար բարձրացնում վարկերի տոկոսադրույքները եւ դրանով խոչընդոտում նույն տնտեսության զարգացմանը, Բ. Ասատրյանը նկատեց, որ ամբողջ աշխարհում նվազեցնում են տոկոսադրույքները, իսկ Հայաստանում ճիշտ հակառակն է տեղի ունենում:

«Բայց մյուս կողմից մեզ մոտ վերաֆինանսավորման տոկոսադրույքի ազդեցությունը տնտեսության վրա խիստ ցածր է: Եւ անգամ հնարավոր է, որ այս ամիսներին որոշ բանկեր նվազեցրած լինեն տրվող վարկերի տոկոսադրույքները»,- ասաց նա ու շարունակեց. «2009-ին կառավարությունը հսկայական միջոցներ լցրեց շուկա, ինչը բնականաբար գնաճի սպասումներ բերեց, եւ ԿԲ-ն ստիպված էր սեղմողական քաղաքականություն վարել»: Բ. Ասատրյանի խոսքով, կառավարությունը եւ ԿԲ-ն համաձայնեցված չեն գործում: «Կառավարությունը հայտարարում էր, որ ճգնաժամը հաղթահարելու լավագույն միջոցը դրսից փող բերելն էր, իսկ այդ ժամանակ ԿԲ-ն լռում էր, որովհետեւ գիտեր, որ դա միջոց չէ»,- իր խոսքն ամփոփեց նա: