Մենք չաշխատող, բայց շռայլ ծախսող երկիր ենք դարձել, եւ դրա արտացոլումն են արտաքին առեւտրի ցուցանիշները: Հունիսի 4-ի ասուլիսում նման տեսակետ հայտնեց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:
Այնուհետեւ անդրադառնալով փոքր ու միջին բիզնեսի վիճակին նա նշեց, որ ՀՀ իշխանությունը միայն խոսում է փոքր ու միջին բիզնեսին օժանդակելու մասին, այնինչ ՀՀ տնտեսական համակարգը կոչված է ոչնչացնել փոքր ու միջին բիզնեսը: «Նստում գեղեցիկ խոսում են փոքր ու միջին բիզնեսի մասին, սակայն տնտեսությունն ամբողջությամբ մոնոպոլիզացված է, եւ մենաշնորհ ունեցողները վարչական ու ուժային մեթոդներով ճնշում են փոքր բիզնեսին, որովհետեւ հասկանում են, որ դա սպառնալիք է իրենց եկամուտների համար: Օլիգարխներն արդեն ունեն նույնիսկ իրենց զինված ուժերը»,- ասաց Բ. Ասատրյանը:
Իսկ կառավարության բարի ցանկություններին անդրադառնալով՝ հիշեց հայտնի ասացվածքը. «Բարի ցանկություններով է պատված դժոխքի ճանապարհը»: Ըստ ԿԲ նախկին նախագահի, Հայաստանի տնտեսական զարգացումները շատ հաճախ ուղղակի չեն ենթարկվում տնտեսական տրամաբանությանը եւ ուղղակի պայմանավորված են անձերի կամքով:


























