«Գնորդն է շուկայի պահանաջատերը. նա է թելադրում իրեն առաջարկվող մթերքի որակը»,- հունիսի 4-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Սպառողների ասոցիացիայի փոխնախագահ Միլետա Արիստակեսյանը՝ խոսելով Հայաստան ներմուծվող տրանսգեն (գենափոխված) մրգերի եւ բանջարեղենի մասին։
Նրա խոսքով, թեպետ մեր երկիրը չունի համապատասխան լաբորատորիաներ, որտեղ կստուգվի ներկրվող սննդամթերքի տրանսգեն լինել-չլինելու հանգամանքը, սակայն բոլորն առանց դրա էլ շատ լավ գիտեն, որ մեծամասամբ գենափոխված սննդամթերք են օգտագործում։
«Տրանսգեն սննդամթերքի մուտքը Հայաստան կանխելու համար մեր ասոցիացիան պահանջ է ներկայացրել մաքսային ծառայությանը՝ ապրանքի մակնշման բովանդակության մեջ նշել, որ այս կամ ապրանքը տրանսգե՞ն է, թե ոչ»,- ասաց Հակոբյանը՝ հույս հայտնելով, որ մաքսային ծառայության աշխատակիցները կօգնեն իրեն՝ չցանկանալով վնասել ազգաբնակչությանը։
Ասուլիսի մյուս բանախոս, Սպառողների ասոցիացիայի փորձագետ Լեւոն Աճեմյանն իր հերթին ավելացրեց, որ մայիսին իրենց կողմից Արարատի, Արմավիրի եւ Արագածոտնի մարզերի մի շարք ջերմատներում անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գյուղացիները շատ դեպքերում չեն սպասում լոլիկի կամ վարունգի «սրսկելուց» հետո նախատեսված 3-7 օր նախատեսված շրջանի անցնելուն՝ բանջարեղենը շուկա հանելով եւ վաճառելով «սրսկելու» հենց հաջորդ օրը։
«Այդ է պատճառը, որ որոշ թունաքիմիկատներ այդ բանջարեղեններում նորմատիվից ավել են լինում հաճախ 4 անգամ»,- նշեց Աճեմյանը՝ խորհուրդ տալով գնված մթերքը, թունազրկման գործընթացի ապահովման համար, որքան հնարավոր է՝ երկար պահել սառնարանում։ «Բացի այդ, օգտագործելուց առաջ միրգը եւ բանջարեղենը պետք է լավ լվանալ, քանի որ ջուրը մաքրում է թունաքիմիկատների որոշ քանակը»։ Փորձագետի հավաստմամբ, հայաստանցիները կարող են վստահ լինել, որ մինչեւ հուլիսի վերջ ուտելուն են տրանսգեն լոլիկներ։ «Բաց գրունտի լոլիկ կլինի միայն հուլիս ամսվա վերջերին»,- տեղեկացեց նա։
Խոսելով շուկայում առկա սննդատեսակներում օգտագործվող հավելանյութերի մասին՝ Աճեմյանն առանձնացրեց, հատկապես, ասպարտամը (շաքարի փոխարինող քիմիական նյութ), որն օգտագործվում է գազավորված ընպելիքի արտադրության մեջ։ «Այդ նյութն իր արտադրանքում օգտագործում է, օրինակ, «Հայ կոլա» ընկերությունը»,- նշեց նա՝ ավելացնելով, որ 30 աստիճանում ասպարտամը վերածվում է օրգանիզմը թունավորող մեթանոլի։


























