Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 4-ին անհիմն է համարել մարտի 1-ին զոհվածների իրավահաջորդների հայցը, որով նրանք վիճարկում էին Հատուկ Քննչական ծառայության (ՀՔԾ) եւ Գլխավոր դատախազության անգործությունը: Մարտի 1-ին Տիգրան Խաչատրյանը, Արմեն Ֆարմանյանը եւ Գոռ Քլոյանը զոհվել են «Չերյոմուխա - 7» հատուկ միջոցի կիրառումից, այնինչ որեւէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել:

Դատական նիստը տեւել է ընդամենը մեկ րոպե: Զոհերի իրավահաջորդների մի մասը դահլիճ չէր մտել, եւ դատարանի շենքի դիմաց պահանջում էին պատժել մարտի 1-ի ոճրագործներին:

Զոհերի իրավահաջորդները պատրաստվում են ՀՀ դատական բոլոր ատյանները սպառելուց հետո դիմել  Եվրադատարան: Հիշեցնենք, որ մարտի 1-ի դեպքերի 10 զոհերից 9-ի հարազատները 4 խումբ բողոք-դիմումներով դիմել են դատարան: Նրանք պահանջում են վերացնել ՀՔԾ անգործություն եւ պարտավորեցնել այդ մարմնին իրականացնել մահվան հանգամանքների արդյունավետ քննություն: